‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց մրցախաղն ադրբեջանցիների հետ’

1171

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի կանանց հավաքականների սկզբունքային նշանակություն ունեցող մրցախաղն էր: Հանդիպման արդյունքն առանձնապես կարևոր էր մեր շախմատիստուհիների համար, որոնք պայքարում են մրցանակային տեղերի համար:

Ցավոք, մեր շախմատիստուհիներին չհաջողվեց իրենց համար անչափ կարևոր մրցախաղում հաղթանակ տոնել և էլ ավելի իրական դարձնել մրցանակակիր դառնալու թիմի հնարավորությունը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի:

Մեր թիմին կարող էր հաղթանակ պարգևել Աննա Սարգսյանը, ով Խանիմ Բալաջաևայի հետ պարտիայում սևերով չկարողացավ իրացնել երկու զինվորի առավելությունը ու ստիպված էր բավարարվել ոչ-ոքի արդյունքով:

Մրցախաղի մյուս երեք պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Էլինա Դանիելյանն ու Գունայ Մամաձադան, Լիլիթ Մկրտչյանն ու Զեյնաբ Մամեդյարովան, Մարիա Կուրսովան ու Գուլնար Մամադովան:

Այսպիսով, 10-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 16 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև ուկրաինուհիները, որոնք ոչ-ոքի ավարտեցին մրցախաղը ռուսների հետ:

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Արսենալ»-ը վստահ հաղթանակ տոնեց «Ղարաբաղ»-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ Մեսսին պետք է վերադառնա Արգենտինայի հավաքական’