‘
Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան մոտենում է վերջնագծին: Եվս 4 տուր և կտրվեն շախմատասերներին հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Ի ուրախություն հայ շախմատասերների, գերազանց է հանդես գալիս Հայաստանի կանանց հավաքականը, որը հերթական տպավորիչ հաղթանակը տոնելով ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ, 13 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
12-ական միավորով մեր հավաքականին հետապնդում են Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստան-1-ի և Ռումինիայի ընտրանիները:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ուկրաինուհիների հետ, որոնք մասնակից թիմերի մեջ 2-րդ վարկանիշն ունեն: Նախորդ տուրում նրանք 2,5-1,5 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին: Մրցանակային տեղերի համար պայքարում կարևոր նշանակություն ունեն նաև Չինաստան-Ռումինիա, Վրաստան-1-Ղազախստան հանդիպումները:
Թեև մեր հավաքականն առաջատարն է, սակայն լրացուցիչ գործակիցներով (158) առայժմ զիջում է Չինաստանի (176,5), Ուկրաինայի (165) և ԱՄՆ-ի (158,5) ընտրանիներին, որոնք հավասար միավորների դեպքում կգերազանցեն հայ շախմատիստուհիներին: Այդ պատճառով առաջիկա հանդիպումներում մեր հավաքականը պետք է ձգտի խուսափել միավորների կորստից, իսկ հաղթանակներն էլ ավելի կավելացնեն թիմի լրացուցիչ գործակիցները:
Մրցանակային տեղ զբաղեցնելու լավ հնարավորություններ ունի նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը Բելառուսի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ 12 միավորով 7-րդ հորիզոնականից բարձրացավ 4-րդ տեղ: Ընդ որում 12 միավոր ունի միայն մեր հավաքականը, որը մեկ միավորով է հետ մնում Ադրբեջանի, Լեհաստանի և ԱՄՆ-ի ընտրանիներից:
Ուստի այսօր լեհերի հետ կայանալիք մրցախաղի ելքը շատ կարևոր է առաջատար եռյակում ընդգրկվելու համար: Մասնակիցների մեջ 11-րդ վարկանիշն ունեցող Լեհաստանի հավաքականը միայն նախորդ տուրում առաջին միավորը կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով ադրբեջանցիների հետ: Վերջիններս այսօր մրցելու են ԱՄՆ-ի ընտրանու հետ:
Նշենք, որ օլիմպիադայում խաղարկվում է նաև Նոնա Գափրինդաշվիլու գավաթը: Մրցանակը կհանձնվի այն երկրին, որի տղամարդկանց և կանանց հավաքականների վաստակած միավորների գումարը լավագույնը կլինի: Ուրախությամբ պետք է նշել, որ 7-րդ տուրից հետո 25 միավորով առաջատարը Հայաստանն է: 24-ական միավոր ունեն Ադրբեջանն ու ԱՄՆ-ը, որոնց 23-ական միավորով հաջորդում են Չինաստանը, Լեհաստանը և Ուկրաինան:
‘