‘
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի առաջին օրը գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան E խմբում, որտեղ երկու ուղեգրերի համար համառ պայքար էր գնում «Չելսիի», «Յուվենտուսի» եւ «Շախտյորի» միջեւ:
«Շախտյորը» Դանիայում «Նորդշելանդի» հետ հանդիպման առաջին խաղակեսը պարզապես տապալեց: Միգուցե մտածում էին, որ կարելի է կես ուժով մրցակցին ծնկի բերել, սակայն տեղի ունեցավ հակառակը: «Նորդշելանդը» առաջին խաղակեսում ավելի լավ տպավորություն թողեց եւ արժանիորեն հաշվի մեջ առաջ անցավ: Իսկ հետո տեղի ունեցավ այս մրցաշարի, թերեւս ամենաամոթալի դրվագը. «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն ոտնատակ տալով «Ազնիվ խաղի» կանոնները, գնդակը մրցակցին հանձնելու փոխարեն հանգիստ գոլ խփեց: Նույնիսկ մրցավարներն էին շոկի մեջ, բայց տվյալ դեպքում նրանք ստիպված էին հաշվել գոլը, քանի որ խաղի կանոնների խախտում չէ, այլ զուտ՝ չգործող կանոնների:
Դանիացիները շատ արագ վերականգնեցին արդարությունը, նորից հաշվի մեջ առաջ անցնելով: Ընդմիջումից առաջ «Շախտյորը» Վիլիանի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը:
Ամենայն հավանականությամբ, ընդմիջմանը «հանքափորների» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մի լավ քաշել էր Լուիս Ադրիանոյի ականջները եւ կարգադրել երկրորդ խաղակեսում «քավել մեղքերը»:
Երկրորդ խաղակեսում «Շախտյորը» խաղաց բոլորովին այլ տրամադրությամբ, այնպես, ինչպես խաղում էր նախորդ տուրերում. հզոր, կոմբինացիոն, հարձակողական ֆուտբոլ: Արդյունքում «Շախտյորը» երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը. եւս երկու գոլ խփեց Լուիս Ադրիանոն եւ դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ մասնակիորեն «քավելով մեղքը», մեկ գնդակ էլ իր հաշվին գրանցեց Վիլիանը՝ 5:2:
Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը նորից գոլ չխփեց, չնայած դրա համար մի դյուժին հիանալի հնարավորություն ուներ: Ինչեւէ, այս հաղթանակից հետո «Շախտյորը» ապահովեց փլեյ-օֆի ուղեգիր, որովհետեւ…
Որովհետեւ Թուրինում «Յուվենտուսը» պարզապես ջախջախեց «Չելսիին»՝ 3:0: Իրականում հաշիվը չի արտացոլում խաղի պատկերը: Իտալական ակումբը կարող էր նույնիսկ երկնիշ թվով հաղթել, չլիներ Պետեր Չեխը: «Յուվենտուսը» փայլուն ֆուտբոլ ցուցադրեց, ամբողջ խաղի ընթացքում անընդհատ կրակի տակ պահելով Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի տուգանային հրապարակը: Այս հանդիպումը համարվում էր տուրում կենտրոնականը, սակայն մրցակցություն չեղավ. «Չելսին» անզոր էր «Յուվենտուսի» մարտավարության դեմ: Իսկ «Չելսիի» սեփականատեր Աբրամովիչը երեւի արդեն Google-ով նոր մարզիչ է փնտրում:
Այս տուրից հետո «Շախտյորը» վաստակեց 10 միավոր, եւ վերջին տուրում «Յուվենտուսին» պարտվելու դեպքում էլ ապահովեց իր տեղը հաջորդ փուլում՝ շնորհիվ «Չելսիի» հետ անձնական խաղերի առավելության: «Չելսիի» միակ հույսն այն է, որ «Շախտյորը» Դոնեցկում կհաղթի «Յուվենտուսին», բայց բացառված չէ, որ այդ հանդիպումը անցնի ջերմ, բարեկամական մթնոլորտում, կողմերի համար ձեռնտու ոչ-ոքի հաշվով:
E խումբ
«Նորդշելանդ» – «Շախտյոր»` 2:5
Նորտստրան՝ 24, Լորենցեն՝ 29 –Ադրիանո՝ 26, 53, 81, Վիլիան՝ 44, 50
.
«Յուվենտուս» — «Չելսի»` 3:0
Կվալյարելիա՝ 38, Վիդալ՝ 61, Ջովինկո՝ 90
F խմբում այն բանից հետո, երբ ԲԱՏԵ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիլին»՝ 0:2, ավելի ուշ կայացած «Վալենսիա» — «Բավարիա» մրցավեճը ընկերական բնույթ ստացավ: Ոչ-ոքին երկուսին էլ հաջորդ փուլի ուղեգիր էր ապահովում: Այդպես էլ եղավ եւ գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:
F խումբ
«Վալենսիա» — «Բավարիա»` 1:1
Ֆեգուլի՝ 77 – Մյուլեր՝ 82
ԲԱՏԷ – «Լիլ»` 0:2
Սիդեբե՝ 14, Բրունո՝ 31
G խմբում «Բարսելոնան» հանգիստ հաղթեց «Սպարտակին»՝ 3:0 եւ ապահովեց առաջին տեղը:
Մյուս խաղում «Բենֆիկան» բավական լարված մրցավեճում կարողացավ առաջին պարտությունը հասցնել համառ «Սելթիկին»: Պորտուգալացիներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ եւ նրանք կարողացան հասնել դրան՝ 2:1: Ճիշտ է, այժմ «Բենֆիկան» եւ «Սելթիկը» 7-ական միավոր ունեն եւ ամեն ինչ կորոշվի վերջին տուրում:
G խումբ
«Բենֆիկա» -«Սելթիկ»` 2:1
Ջոն՝ 7, Գարայ՝ 71 – Սամարաս, 31
«Սպարտակ» — «Բարսելոնա»` 0:3
Ալվես, 16՝ Լիոնել Մեսի՝ 27, 39
H խմբում իր բոլոր հարցերը վաղուց լուծած Մանչեսթեր Յունայյթեդը» ոչ թե երկրորդ, այլ նույնիսկ երրորդ կազմով էր ժամանել Ստամբուլ: «Գալաթասարայը» օգտվեց նման նվերից եւ հաղթեց 1:0 հաշվով:
Ռումինական ՉՖՌ-ը սեփական խաղադաշտում հաղթեց պորտուգալական «Բրագային»` 3:1: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռույ Պեդրոն: Ի դեպ, վերջինս Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ երկրորդ պորտուգալացի ֆուտբոլիստը, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում: Առաջինը, հասկանալի է, Կրիշտիանու Ռոնալդուն է:
«Գալաթասարայը» եւ ՉՖՌ-ը ունեն 7-ական միավոր, եւ ամեն ինչ կորոշվի վերջին տուրում:
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ
H խումբ
«Գալաթասարայ» — «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:0
Յըլմազ, 54
ՉՖՌ Կլուժ — «Բրագա»` 3:1
Ռույ Պեդրո՝ 6, 15, 34 – Ալան՝ 17
‘