‘
Երկարատեւ բանակցություններից հետո Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ի վերջո պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ առաջիկա չորս տարին այսուհետ հանդես կգա Անգլիայի փոխչեմպիոնի կազմում: Ֆերնանդինյոյի համար անգլիական ակումբը «Շախտյորին» վճարեց 40 միլիոն եվրո: Սա ամենաբարձր գինն է, որը վճարել են Ուկրաինայում հանդես եկող ֆուտբոլիստի համար: Մինչ այդ ամենամեծ գինը վճարել էին նույնպես «Շախտյորի» խաղացող Վիլիանի համար. այս տարվա փետրվարին ռուսական «Անժին» բրազիլացու համար չխնայեց 35 միլիոն եվրոն:
Նշենք, որ Ֆերնանդինյոյի աշխատավարձը նոր ակումբում կկազմի շաբաթական 120 հազար ֆունտ:
Ֆերնանդինյոյի ցանկությունը՝ տեղափոխվել Անգլիա, այնքան մեծ էր, որ վերջինս հրաժարվել է տեղափոխության համար նախատեսված 4 միլիոն ֆունտ պարգեւավճարից, որպեսզի տրանսֆերը կայանա:
«Իմ նախկին ակումբը չէր ցանկանում ինձ վաճառել ցանկացած գնով: Բայց ես ասել էի, որ երազում եմ խաղալ ավելի ուժեղ առաջնությունում, քան՝ ուկրաինականն է: Վերջին մի քանի ամիսներին սա իսկական ճակատամարտ էր: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ ավարտվե: Ես Անգլիայում եմ, որպեսզի դառնամ «Մանչեսթեր Սիթիի» մասնիկը»,- ասել է Ֆերնանդինյոն:
Նշենք, որ նոր ակումբում Ֆերնանդինյոն հանդես կգա 25 համարի մարզաշապիկով:
‘