‘Շահեն Խաչատրյանը պատմում է Ժանսեմի կյանքի, գործունեության և բացառիկ ձեռքբերումների մասին’

1790

Փարիզի արվարձաններից մեկում, 93 տարեկանում օգոստոսի 27-ին կյանքից հեռացել է ֆրանսահայ աշխարհահռչակ նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): 

«Նկարչությունն իմ կյանքն է, ապրելակերպը: Ազատությունը այդ ձևի մեջ կտեսնեմ: Երբ կնկարեմ, չեմ կարծեր, որ ինձմե ավելի ազատ մեկը ըլլա աշխարհի վրա: Մարդը այդ ազատությանը պետք է հետևի: Կյանքը կմաքրե այն ամենը, ինչ սուտ է: Արվեստի մեջ կա մնայուն մի բան, որ տկար գործ չի հանդուրժեր: Եթե մեկը տաղանդ ունի, բախտ ալ ունի և անպայման կհաջողի: Իսկ մեկը, որ տաղանդ չունի, հաջողելու բախտ կարող է ունենալ, բայց որոշ ժամանակ միայն: Նա կշարունակե ապրիլ նկարչությամբ, նույնիսկ հռչակ ունենալ, բայց ժամանակի հետ այն ավարտ կունենա: Նկարչությունն ամենից ազատ գործն է, անկաշկանդ ազատություն տվող գործ: Ես բախտ եմ ունեցել նվիրվելու նման ազատությանը»,- գրում էր մեծ նկարիչը:

Ժանսեմը ծնվել է 1920 թվականին Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում: Մանկությունն անցկացրել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Այսօր մեծ արվեստագետի գործերը պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Նա առաջին անգամ հայրենիքում  է եղել 1973 թվականին: 2001թ-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և Ցեղասպանության թանգարանին է նվիրել իր` 34 նկարից բաղկացած «Ցեղասպանություն» հավաքածուն: 2010թ-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ժանսեմին շնորհվել է «Պատվո շքանշան»` հայ-ֆրանսիական մշակութային հարաբերություններում մեծ ավանդի և նկարչի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ: 

Մեծանուն նկարչի կյանքի և գործունեության մասին «Արմենպրեսը» զրուցել է արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանի հետ: 

-Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ անձնավորություն և արվեստագետ էր Ժանսեմը: Ինչպե՞ս եքծանոթացել նրա հետ:

— Ժանսեմի հետ առաջին անգամ հանդիպել եմ 1980-ականներին: Ինձ համար նա բացառիկ երևույթ էր: Արվեստագետ, որ երկրորդ համաշխարհայինից հետո Հայոց եղեռնի ճանաչման գործընթացի շարունակողը դարձավ: Եղեռնի 90-ամյա տարելիցին նա նկարեց 36 աշխատանք, որոնք այսօր ներկայացված են Ցեղասպանության թանգարանում: Միջազգային արվեստում նրա ստեղծագործական ինքնատիպությունը բացառիկ է: Ճապոնիայում նրան այնքան են հարգել ու սիրել, որ երկու թանգարան են ստեղծել իր պատվին: Եվրոպական քաղաքներում նրա ցուցահանդեսները բացառիկ հաջողությունների էին հասնում: Նա նոր ռեալիզմի ամենահետաքրքիր ներկայացուցիչն է: Ժանսեմի նկարներին նայելիս հոգիդ ապրում է այն զգացումը, ինչ ապրում էր արվեստագետը` նկարները ստեղծելիս: Մեծ արվեստագետը նա չէ, ով բնությունը կամ մարդկանց է գեղեցիկ ձևով է նկարում: Բնա’վ, մեծ է այն արվեստագետը, ով կարողանում է իր ապրումները, զգացողությունները ներդնել իր պատկերներում: Եթե կան զգացմունքներ` կա արվեստ: Ժանսեմի մոտ այդ արվեստը բարձր մակարդակի վրա էր: Երջանիկ եմ, որ 35 տարի ճանաչել եմ նրան: Ընդամենը 20 օր առաջ իր մոտ էի՝ Ֆրանսիայում էի: Ժանսեմը քայլել չէր կարողանում, սայլակին էր նստած: Ես նրան ասացի, որ իր լավագույն գործերի ալբոմն եմ ցանկանում պատրաստել, և պայմանավորվեցինք, որ լուսանկարներ պիտի ուղարկի ինձ: Հետո ինձ մի նկար նվիրեց և ասաց. «Երևանում դու ինձ ցույց էիր տալիս հակական եկեղեցիները: Ես չեմ կարող հիմա քայլել, բայց տեսնո՞ւմ ես, նկարում եկեղեցի կա: Այդ եկեղեցին նկարել եմ և քեզ եմ նվիրում»: Այդ նկարն այժմ ինձ մոտ է:

Առաջին անգամ ե՞րբ եք հանդիպել Ժանսեմի հետ: Հիշու՞մ եք, ինչ էիք խոսում հանդիպման ընթացքում:

-Առաջին անգամ ինքն ինձ հարցրեց, թե որտեղ եմ ծնվել: Ասացի` ծնողներս Էրզրումից են, Եղեռնից հազիվ են փրկվել: Ասաց, որ իր մայրն էլ Դեր-Զորի անապատից է մի կերպ փրկվել: Այնքա՜ն հուզիչ էր նրա մոր փրկության պատմությունը: Մի անգամ նրան հարցրի, թե քանի գործ է նկարել: Ասաց` 6000 նկար: Զարմացա և պատասխանեցի, որ եթե նա Հովհաննես Սեմերջյանն է, ապա նրանից 100 տարի առաջ ապրել է Հովհաննես Այվազովսկին և նույնքան նկար է ստեղծել: Ծիծաղեցինք: Հովհաննեսը պարզապես հայապաշտ արվեստագետ էր:

Վերջին անգամ նկարիչը Հայաստանում ե՞րբ է եղել:

-Մոտ 14 տարի առաջ, եթե չեմ սխալվում: Անշուշտ, կարոտում էր Հայաստանը: Մեզ համար հաճելի էին նրա այցերը: Մի հետաքրքիր դեպք հիշեցի. մի անգամ հանդիպեց  ջութակահար Մարտին Երիցյանի հետ և վերջինս Ժանսեմին ջութակ նվիրեց: Ժանսեմն էլ իր հերթին Փարիզից նրան նկար ուղարկեց: Իրենից տարիքով փոքր Ֆրանսիայում մեկ էլ Շառլ Ազնավուրն է մնացել: Նկարչության մեջ ցավոք նման երևույթ մենք չունենք ամբողջ աշխարհում:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը երեկ անակնկալ կերպով հեռացել է Հայաստանից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆ փուլի արդյունքները, խմբային փուլի զամբյուղները’