‘Շահեն Հարությունյանին ոստիկանության բաժանմունքում վստահեցրել են, թե հայրը մահացել է’

1035

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ հարվածել է ոստիկանին այն ժամանակ, երբ տեսել է, որ հորը մի քանի ոստիկան գցել են գետնին ու ոտքերով ծեծում են: Tert.am-ի փոխանցմամբ՝ դեպքի մանրամասներն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պատմեց գործով մեղադրյալ 15-ամյա Շահեն Հարությունյանը:

«Նոյեմբերի 5-ին եկել եմ Ազատության հրապարակ, իմացել եմ, որ երթ է լինելու, չեմ իմացել՝ ուր ենք գնալու, բայց իրենց հետ շարժվել եմ: Մեկ էլ պայթյուն լսեցի ու խառնաշփոթ սկսվեց: Ես տեսա, որ հայրիկիս մի քանի ոստիկան հարվածում էին, ես էլ սկսեցի խփել, ինձ նստեցրեցին տաքսի, որտեղ էլ գողացել են մոտիս հեռախոսն ու գումարս»,-ասաց նա:

Շահեն Հարությունյանը նաև պատմեց, որ ոստիկանության բաժանմունքում իրեն հավատացրել են, որ հայրն ու ևս մի քանի մարդիկ մահացել են, մի մասն էլ վերակենդանացման բաժանմունքում են ու հետագայում բանտում փտելու են: Ի պատասխան ամբաստանյալի պաշտպան Ինեսա Պետրոսյանի հարցին, թե ինչո՞ւ է հարվածել ոստիկանին, նա պատասխանեց. «Դե որ տեսա՝ հորս խփում են, ես էլ խփեցի, որ պաշտպանեմ, դրանից հետո ոստիկաններն ընկան հետևիցս, ինձ էլ գցեցին մի հատ ավտոյի անիվների մոտ ու սկսեցին խփել ոտքերով»:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի եզդիական կազմակերպությունները Հայաստանի ԱԳՆ-ին կոչ են արել ՄԱԿ-ում բարձրացնել Իրաքի եզդիներին աջակցության հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ազգային համախմբում. կեղծիքն ու իրականությունը’