‘
Ոստիկանները նոյեմբերի 5-ին բարձրախոսով չեն հայտարարել, որ երթի մասնակիցները փողոցը հատեն նախատեսված մասով, քանի որ երթի կազմակերպիչ Շանթ Հարությունյանը մինչեւ երթը ոստիկաններին խնդրել էր բարձրախոսով հայտարարություն չանել։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, հայտարարել է նոյեմբերի 5-ի գործով տուժող ճանաչված, ՀՀ ոստիկանության Երևանի հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:
Այս հայտարարությունը բարկացրեց ամբաստանյալ Շանթ Հարությունյանին. «Ես տենց բան չեմ ասել, ինչի՞ ես շառ անում, գլխիս սարքում ես»։
Դահլիճում խառնաշփոթ սկսվեց. տուժողն ու ամբաստանյալները սկսեցին վիճել։ Դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց։
Մինչեւ ընմիջումը Գեղամ Խաչատրյանն ասել էր, որ եթե նոյեմբերի 5-ին երթի մասնակիցները իրենց դիմեին եւ խնդրեին օգնել անցնել փողոցը, իրենք թույլ կտային, եւ նման դեպք գուցե չպատահեր։
«Խառանշփոթը սկսվեց Շանթ Հարությունյանի փողոց դուրս գալուց հետո, դրանով սկսվեց ամեն ինչ։ Մեկ քառորդ մասով փողոց դուրս եկան ։ Մենք հորդորում էին փողոցից դուրս գալ, եթե որեւէ մեկը մեզ լսեր, մենք համաձայնության կգայինք եւ, հնարավոր է, ժամանակավորապես դադարեցնելով երթեւկությունը, թույլ կտայինք անցնել ոչ երթեւեկելի գոտով։ Բայց կարելի է ասել, որ նրանց գործողություններն ուղղված էին դեպի ոստիկանությունը»,- ասաց տուժողը։
Ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանի հարցին, թե ով է առաջինը դուրս եկել փողոց, տուժող Գեղամ Խաչատրյանը պատասխանեց. «Շանթ Հարությունյանը եւ իր համախոհները»։ Դա զարմացրեց փաստաբանին. «Ո՞նց էիք որոշում՝ նրանք երթի մասնակի՞ց են, անցնող քաղաքացի՞, թե՞ լրագրող»։
Ոստիկանն ասաց, որ երթի մասնակիցներին տարբերակել է նրանց ձեռքին եղած փայտերով եւ դիմակներով։
‘