‘Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին՝ այն որակելով «շոու»’

684

Անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը բոյկոտել և չի մասնակցել Կենտրոնի դատարանում գումարված դատական նիստին, որի ժամանակ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և ոչ միայն Շանթ Հարությունյանը, այլ նաև նույն գործով անցնող մյուս 14 կալանավորները կշարունակեն մնալ բանտերում։ 

Նիստին մասնակցելուց հրաժարվելը  Հարությունյանը հիմնավորել է այսպես՝ չի ցանկանում մասնակցել «հերթական շոուին», հայտնել է նրա նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը։

«Եթե երկու ամսվա ընթացքում ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում, ոչ մի փաստ չկա, որ ինքը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է կիրառել, ոչ մի հիմնավորում չունեն երկարաձգելու, բայց միևնույն է՝ երկարաձգում են արդեն երկրորդ անգամ։ Նրանք ապօրինաբար չորս ամիս է գտնվում են բանտում, ոչ մեկի վրա չեն կարողանում այդ հոդվածը հաստատել, ուղղակի պահում են բանտերում, մինչև տեսնեն՝ ինչ կորոշեն»,- ասաց Բադալյանը։

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթի» ժամանակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը): 

Նախորդ հոդվածը‘Շորթում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել է ԵՄ անդամ երկրների փոխդեսպաններին ‘