‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ:
Ըստ Սարգսյանի մամլո ծառայության, ելույթից հետո Սարգսյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Կոլումբիայի համալսարանի կողմից հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ավանդույթի համաձայն՝ Սերժ Սարգսյանի այս մի հանդիպումն ու հարցուպատասխանն էլ հարթ չի անցել:
Բանն այն է, որ հարցուպատասխանի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոսում էր Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, հանդիպմանը ներկա ազգությամբ հայ ուսանողներից մեկը ընդհատել է նրան՝ խոսելով Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին: Ի պատասխան՝ Սարգսյանը ասել է. «դուք լավ տեղեկացված չեք»՝ հայտարարելով, որ Շանթը հանցագործություն է կատարել, և եթե նման արարք կատարած լինեին ԱՄՆ-ում, նույն արդյունքն էր ունենալու:
Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանից, ով նշեց, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հանդիսանում է անմեղության կանխավարկածի խախտում եւ թույլատրելի չէ որեւէ մեկի կողմից: «Միայն դատարաններն են օժտված դատական ակտ կայացնելու լիազորությամբ, իսկ նման հայտարարությամբ կարելի է հանդես գալ միայն վճռի հրապարակումից հետո»,- նշեց փաստաբանը:
Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ այս հայտարարությունը անմիջական մեսիջ է հանդիսանում դատարանի համար, Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց, որ չի բացառվում: «Սերժ Սարգսյանը շատ լավ տեղյակ է, որ վճիռը կայացվում է ոչ թե իր, այլ արդարադատության մարմինների կողմից»,- հավելեց փաստաբանը:
‘