‘Շառաչուն ապտակը սանձեց լկիտությունը. «Ժողովուրդ» ‘

2755

«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում լրագրող Արման Գալոյանը գրում է. 

«Հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գոտում տեղի ունեցած զինված միջադեպերը, որոնք, ի դեպ, 1994թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո իրենց լայնածավալ բնույթով աննախադեպ էին, զարմանալի զուգադիպությամբ հաջորդեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին: «Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով: Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման:

Սխալ չհասկացվելու համար ավելացնեմ, որ հայկական կողմի պասիվությունն ամենեւին բանակի մեղքը չէ, այլ քաղաքական որոշման արդյունք, հետեւաբար` դրա պատասխանատուն իշխանություններն են, եւ ոչ թե զինված ուժերը, որոնք, ենթարկվելով այդ քաղաքական որոշմանը, ակամա հայտնվել են քննադատության թիրախի կամ քավության նոխազի դերում: Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»,- հուլիսի 21-ի հարցազրույցում ասել էր Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նա այս հարցազրույցը տվել էր այն բանից հետո, երբ Ադրբեջանը ոչ միայն հաճախակիացրել էր հրադադարի ռեժիմի խախտումները, այլեւ սկսել էր պարբերաբար գնդակոծել Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը:

Բանը հասել էր անգամ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենայի վրա կրակոցներ արձակելուն: Թեեւ ՀՀԿ-ականները բավական բուռն արձագանքեցին այս հարցազրույցին` չխորշելով անգամ որոշ վիրավորական արտահայտություններ անել ՀՀ առաջին նախագահի հասցեին, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Տեր-Պետրոսյանի խոսքերն իշխանության ներսում, հատկապես զինվորական վերնախավի մոտ, լուրջ քննարկման առարկա է դարձել: Ընդ որում, վերջին տարիներին զինվորական վերնախավի մոտ այս հարցի կապակցությամբ մշտապես խուլ դժգոհություն միշտ է եղել. իրենք ամեն անգամ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններին, հրադադարի ռեժիմի խախտումներին ցանկացել են ավելի կոշտ հակադարձել, սակայն քաղաքական իշխանության կողմից ներքին հրահանգ է եղել` հետագա բարդություններից խուսափելու համար չսրել իրավիճակը: Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը չի ցանկացել հրադադարի ռեժիմի խախտումներին համարժեք, երբեմն` ավելի ուժեղ հակադարձելուն, քանի որ վախեցել է իրադարձությունների անկանխատեսելի զարգացումներից ու պատերազմի վերսկսման հեռանկարից:

Իսկ Տեր-Պետրոսյանի խոսքերը առիթ են դարձել, որպեսզի զինվորականները բարձրաձայնեն իրենց մտահոգություններն ու պնդեն` «դանակը հասել է ոսկորին»: Վերջին օրերի սահմանային միջադեպերի ժամանակագրությունից ակնհայտ է դառնում, որ այնուամենայնիվ, իշխանությունները որոշել են հրադադարի ռեժիմի խախտումներին լուրջ հակահարված տալ: Պատահական չէ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, եթե հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները դիվերսիոն փորձի ժամանակ տվել են 2 զոհ եւ վիրավորներ, ու հետ շպրտվել դիրքեր, ապա «ՊԲ կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ եւ 7 վիրավոր: Իրենց ոտքով փախուստի են դիմել 19 զինվորից միայն 3-ը, նույն ժամանակահատվածում /օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը/ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ եւ 7 վիրավոր», իսկ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 զինվորի, 4-ին` վիրավորել: Ասել է, թե հայկական կողմն ադրբեջանական վերջին դիվերսիոն փորձերին գնալով ավելի ու ավելի կոշտ պատասխաններ է տվել: Ու թեեւ սկզբում հակառակորդը ամեն ձախողված փորձից հետո փորձել է ավելի մեծ խմբով հարձակվել, այնուամենայնիվ, հայ զինվորների զգոնության, պատրաստվածության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, լուրջ կորուստներ կրելով ետ է շպրտվել ելման դիրքեր ու սսկվել:

Մինչդեռ, նախորդ ամիսներին իրավիճակն այլ է եղել. ԼՂՀ ՊԲ տվյալների համաձայն, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում` շուրջ 500 անգամ եւ այսպես շարունակ: Թեեւ հայկական կողմը լռեցրել է հակառակորդին, սակայն պատասխանը համարժեք չի եղել. համենայն դեպս հակառակորդը կորուստներ չէր ունեցել, փոխարենը հուլիսի 26-ին հայկական կողմն էր մեկ զոհ տվել: Իսկ վերջին օրերին, ահա, հակառակն է եղել:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հենց իշխանությունների մոտեցման փոփոխությունն է եղել պատճառը, որ ՀԱԿ-ը համաձայնվել է իշխանությունների հետ սահմանայնին դեպքերի վերաբերյալ համատեղ հայտարարություն ստորագրել, ավելին` զարմանալի զուգադիպությամբ այդ հայտարարության ընդունումը տեղի է ունեցել հենց ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակում»:

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Վերջին իրադարձությունները ցույց են տալիս` հիմա ինչ-որ ադեկվատ գործողություններ արվում են’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Խաղաղասերի «պացիֆիստն» է լավը’