‘Շավարշ Քոչարյանն Իրանում քաղաքական ու տնտեսական քննարկումներ է ունեցել’

567

Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով  դեկտեմբերի 15-ին Իրանում էր այցելել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զարիֆը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, և գոյություն չունի որևէ սահմանափակում տարբեր բնագավառներում այն առավել ընդլայնելու համար:

Խոսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցությունից` նախարար Զարիֆը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում:

Տարածաշրջանային, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում կարգավորման անհրաժեշտությունը:

Շավարշ Քոչարյանը փոխանցել է նախարար Զարիֆին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:

 Նախարարի տեղակալ Ռահիմփուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության շուրջ մի շարք հարցեր:  

 

Նախորդ հոդվածը‘Վուրալ. Թուրքիայի իշխանությունները մտադիր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր խաղալ ԼՂ հիմնախնդրում’