‘Շարմազանովը իշխանության մեջ է հայտնվել ասմունքի խմբակից. «ՉԻ»’

1243

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Եթե ընդդիմությունը չի ուզում գալ իշխանության, ուրեմն ինքը կամ երգի-պարի խմբակ է, կամ էլ ֆակուլտատիվ պարապմունքների միավորում», հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՉԻ» — Ինչ-որ իմաստով Էդուարդ Շարմազանովն, իհարկե, իրավացի է։ Այլ հարց է, որ այս իշխանությունների օրոք երգի-պարի խմբակն իշխանության գալ չի կարող։ Ուրիշ բան՝ բռնցքամարտի կամ ստենդային հրաձգության խմբակը։ Այնպես որ՝ ցանկությունը կապ չունի։

Զարմանալին այն է, սակայն, որ Շարմազանովը դատողություններ է անում ընդդիմության մասին՝ չնայած կյանքում երբեք ընդդիմություն չի եղել և հաստատ չի էլ լինի։ Դա նույնն է, թե 5-րդ դասարանցի գերազանցիկ, կարմրաթշիկ, նստարանի տակ թաքուն բուլկի ուտող ու ամեն ինչ դասատուներին խաբար տվող աշակերտը դատողություններ անի, ասենք, դասից փախչելու և դրսում չարաճճիություններ անելու մասին։

Ի դեպ, երգի-պարի խմբակի մասին չգիտենք, բայց ինքը՝ Էդուարդ Շարմազանովը, ակնհայտորեն իշխանության մեջ  է հայտնվել ուղիղ ասմունքի խմբակից։ Ու մինչև հիմա այնտեղ մնում է բացառապես լավ ասմունքելու շնորհիվ։ Դա, ի դեպ, վատ չէ։ Նրա ընկերներից շատերն իշխանության մեջ հայտնվել են բազեական ճամբարներից՝ երգի-պարի կամ «վզկապ» խաղալու շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները պատրաստվում են մարտի 28-ին. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ի տվյալներով՝ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’