‘
Խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հակադարձելով բանակում չծառայած պաշտոնյաների հասցեին ուղղված քննադատությանը, նշել է, թե ինքը ծառայությունից չի խուսափել: Նա հորդորել է տարբերել դասալքությունն ու ծառայությունից օրենքով ազատվելը:
«Տարկետումը վատ բան չի: Պարոն փոխնախագան (նկատի ունի ինքն իրեն) երբեք տարկետման իրավունքից չի օգտվել: Ես երբեք տարկետման իրավունքից չեմ օգտվել: Պաշտպանել եմ, հետո: Ասպիրանտուրա չեմ ընդունվել, ընդունվել եմ հայցորդ, որովհետեւ երեւի ազդեցիկ «զանգահարող չեմ ունեցել», բայց որեւէ զինվորական կոմիսարիատի կանչերին որեւէ մի անգամ չեմ ուշացել… գտել են, որ իմ ծառայությունը պետք չի… դա օրենքով ա եղել», — ասել է Է. Շարմազանովը՝ դժգոհելով, որ 11 տարվա ընթացքում, ինչ ինքն ԱԺ-ում է, ընդդիմադիրներն անընդհատ շահարկում են իր ծառայության հարցը:
Փաստորեն, ըստ փոխխոսնակի այսօրվա հայտարարության, նա բանակից ազատվել է ուսումը եւ գիտական գործունեությունը շարունակելու նկատառումներով: Մինչդեռ վեց տարի առաջ՝ 2011-ին, նա հայտարարում էր, որ ծառայությունից ազատվելու պատճառը առողջական խնդիրներն են եղել: Ընդ որում, Շարմազանովն այն ժամանակ պատրաստակամ էր անգամ զինվորական գրքույկը հրապարակել՝ ապացուցելու համար իր խոսքերի իսկությունը: Պետք է խնդրել նրան, այնուամենայնիվ, ներկայացնել զինգրքույկը՝ հասկանալու համար, թե երբ էր նա ավելի ազնիվ՝ հիմա՞, թե՞ 6 տարի առաջ: Թեեւ չի բացառվում նաեւ, որ Է. Շարմազանովը երկու զինգրքույկ ունի, որոնցից մեկով բանակից ազատվել է ասպիրանտուրայի, մյուսով՝ հիվանդության պատճառով: Ինչպես կասեր դասականը, հավանաբար՝ թղթերով նրա մոտ ամեն ինչ կարգին է:
Բիրդան Աղայան
‘