‘Շարմազանովը Ր.Հովհաննիսյանի մասին. մենք բաց ենք հրապարակային քննարկման, ոչ թե կապրիզները բավարարելու համար ‘

1116

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում վերջնագրերի լեզվով չխոսել եւ առարկայական  երկխոսություն սկսել: 

ԱԺ հանրապետական փոխնախագահ, իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ «գնդակն այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է»` համոզմունք հայտնելով, որ «Ժառանգության» առաջնորդն է իրավիճակը փակուղի տանում:

«Մենք մշտապես քաղաքական երկխոսության կողմնակից ենք, բայց մենք երբեք պատրաստ չենք բավարարել այս կամ այն քաղաքական գործչի կամակորությունները: Այդ իմաստով Սերժ Սարգսյանի առաջարկները, նամակները ուժի մեջ են, ինքը պատրաստ է լսել եւ քննարկել, բայց մենք բաց ենք հրապարակային քննարկման, ոչ թե կապրիզները բավարարելու համար, ուստի գնդակը գտնվում է Րաֆֆի դաշտում, թող ինքը որոշի», — ասել է Շարմազանովը:

«Բոլոր այն քայլերը, որոնք դուրս են քաղաքական պայքարի տրամաբանությունից եւ դուրս են քաղաքական օրակարգից, իհարկե, կապրիզ եւ վերջնագիր է: Ի՞նչ է նշանակում պահանջել բաներ, որոնք հակասում են գործող Սահմանադրությանը: Ի՞նչ է նշանակում, որ անպայման պետք է Ազատության հրապարակում լինի հանդիպումը: Ի՞նչ է` իրենց համար ձեւն է կարեւոր, թե՞ բովանդակությունը: Մեզ համար բովանդակությունն է կարեւոր, մենք կողմ ենք հրապարակային երկխոսությանը, բայց ոչ երբեք երկխոսությանը հրապարակներում, որովհետեւ հրապարակում երկխոսություն չի լինում», — ասել է Շարմազանովը:

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, պատասխանելով արտահերթ նախագահական կամ համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ հրավիրելու, մինչ այդ առնվազն ութ պաշտոններ զիջելու, ընտրակեղծարար մարզպետներին պաշտոնանկ անելու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, պատրաստակամություն էր հայտնել երկխոսել` հորդորելով Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը եւ միասին սկսել աշխատել: Դրան ի պատասխան` «Ժառանգության» առաջնորդը Սարգսյանին առաջարկեց հանդիպել «ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով Ազատության հրապարակում»` իրենց առաջարկները համարելով երկխոսության համար նվազագույն շեմը, որի կետերից մեկը հանելու դեպքում պետք է համարժեք կետ ավելացվի: Այս նամակագրությանը հաջորդեց Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանի հանդիպումները կազմակերպվում են նախագահական նստավայրում վաղօրոք պլանավորված արարողակարգով:

«Եղբայր արի նստենք, քննարկենք: Հինգ բա՞ն ես առաջարկում, հինգից չորսը ընդունելի կլինի կամ ընդունելի չի լինի, գուցե մեկը ընդունելի լինի… իսկ եթե դու միայն պահանջում ես միակողմանի զիջումներ, չկա նման բան», — ասել է ՀՀԿ-ի խոսնակը:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ

Նախորդ հոդվածը‘Ավելի քան 500 մարդ կա դեպի Ռիգայի ծովախորշը սլացող պոկված սառցաբեկորների վրա’
Հաջորդ հոդվածը‘«Գրբավիցայի հրեշը» ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 45 տարվա բանտարկության’