‘Շարմազանովն ընդդեմ Սերժ Սարգսյանի ‘

2734

«Արտագաղթի դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է»: NEWS.am-ի փոխանցմամբ, այդ մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, ԱԺ-ում մի քանի բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Փաստորեն, Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ լինելուզ զատ նաեւ ՀՀԿ խոսնակն է, լավ չի սերտում իր կուսակցության ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի տեսությունները: Բանն այն է, որ դեռեւս այս տարվա մարտին՝ մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ Շարմազանովի ղեկավարը լիովին այլ բաներ էր հայտարարում արտագաղթի պատճառների մասին:

«Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է…

Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»,- հայտարարում էր Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հիմա, Շարմազանովը, ասում է, թե «արտագաղթի դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է»: Բա այ «ընկերներ» ջան, բա ասում էիք՝ պատճառը գաղջ մթնոլորտն է: Ինչ որ բա՞ն է փոխվել այս ընթացքում, որ մեզ չեք ասել: Թե «գաղջը» որպես պատճառ որեւէ մեկը չեղյալ չի հայտարարել, պարզապես, Էդուարդ Շարմազանովը ենթագիտակցաբար լեզվից թռցրել է բառեր, որոնք չպիտի ասեր:

Իրականում, սակայն, ակնհայտ է, թե ինչ է կատարվում: Իշխանությունները ինչպես ամեն հարցում, արտագաղթի հարցում եւս մեկ խնդիր են փորձում լուծել՝ խեղաթյուրել խնդիրները, դրանց պատճառները, չտեսնելու տալ խնդիրները: Ու քանի որ այդ հարցում իրենց միակ «ռազմավարական« դաշնակիցը սուտն է, իսկ ստի ոտը, ինչպես հայտնի է, կարճ է, իսկ իրենք էլ այնքան ստեր են փչել, որ այժմ խճճվել են սեփական ստերի սարդոստայնում: Մի օր մի բան են ասում, հաջորդ օրը՝ մեկ այլ բան, երրորդ օրը՝ լիովին այլ բան: Ու քանի որ ստերի թիվը գնալով երկրաչափական պրոգրեսիայով աճում է, իշխանության ներկայացուցիչներն էլ, որպես մարդկային էակներ,  ի վիճակի չեն հիշել այդքան սուտը: Արդյունքում ստացվում է այն, որ մի օր ՀՀԿ-ից մեկը ասում է, թե արտագաղթ չկա, մյուսն ասում է, թե ոչ թե գնում են ընդմիշտ, այլ՝ դրսում ուսում ստանալու, երրորդն ասում է՝ կա ու պատճառը գաղջ մթնոլորտն է, չորրորդն այլ բան է ասում, եւ արդյունքում ստացվում է ՀՀԿ-ական մի այսպիսի աջաբսանդալ:

Ընդ որում, միշտ էլ թերեւս արդյունքում աջաբսանդալ է ստացվում, եթե իշխանությունը որպես գերակայություն է հռչակում «խիյարի դուզ բուսնումը»:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Նավալնիի կողմնակիցերը փողոց են դուրս եկել. Ուղիղ ‘
Հաջորդ հոդվածը‘Տարածաշրջանում ամենասուտասանը՝ Է.Շարմազանովն է. Մամուլ’