‘Շարունակվում է ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Հունաստան’

949

Շարունակվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն։

Մարտի 6-ի առավոտյան ԱԺ նախագահը Հունաստանի խորհրդարանում հանդիպում է ունեցել «Սիրիզա» գլխավոր ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Տրաղասաքիսի հետ։ Նույն օրվա երեկոյան Աթենքի Պանդիո քաղաքական գիտությունների համալսարանի «Սաքիս Գարայորղաս» սրահում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. հիմնախնդրի լուծման ուղիները» թեմայով գիտաժողով՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին։ Միջոցառմանը, որն իրականացվել է ՀՅԴ. Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի և Պանդիո համալսարանի համատեղ կազմակերպական ջանքերով, մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո թեմակալ առաջնորդ, գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, Ազգային Վարչության, ՀՅԴ Կեդրոնական Կոմիտեի, ՌԱԿ-ի Շրջանային Վարչության, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի, Հայ Կապույտ Խաչի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Համազգայինի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, ՀՅԴ Երիտասարդական Միութեան, հունահայ առևտրական պալատի, Հունաստանի գիտական, վերլուծական և լրագրողական շրջանակների, համալսարանի ուսանողության, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Գիտաժողովի աշխատանքները վարում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Սերգո Գույումճյանը՝ շնորհակալության խոսք ուղղելով համալսարանի ռեկտորին ու դասախոսներին՝ Արցախի հեռանկարների քննարկմանը նվիրված այդ միջոցառումը հովանավորելու համար։ Ներկաներին ողջույնի խոսք հղեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գրիգորիս Ցավթասը։

Ջերմորեն արտահայտվելով հայության մասին, նա նշեց, որ հարգանքի արժանի են այն ազգերը, որոնք պայքարում են իրենց իրավունքին տեր կանգնելու համար։
Իր հերթին ողջունելով գիտաժողովը, ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Վանկելիս Փրոծասը, խոսեց Օսմանյան տիրապետության տակ ապրած հայ և հույն փոքրամասնությունների մասին ու համեմատություն կատարեց պատմական և արդի Հայաստանի սահմանների միջև։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան համալսարանի արևելյան հետազոտությունների բաժանմունքի տնօրեն Խրիստոդուլոս Յալուրիդիսը, միջազգային օրենքի դասախոս Սթելիոս Բերաքիսը, Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաջյանը՝ հաստատելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բարձր գնահատելով արցախահայության վճռականությունը և արժանապատվությամբ ապրելու վեհ կեցվածքը։
Օրվա գլխավոր բանախոսը ԼՂՀ Ազգաին ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր։ Շորհակալության խոսք ուղղելով Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբին և Պանդիո համալսարանին, նա Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից ողջույններ փոխանցեց միջոցառման համակազմակերպիչներին։
Հեղինակավոր կրթօջախում տեղի ունեցող այս հանդիպումը, ասաց ԱԺ նախագահը, միանգամայն խորհրդանշական է, քանզի կրթությունը հայ և հույն ժողովուրդներին մերձեցնող կարևոր օղակներից մեկն է:
Անդրադարձ կատարելով անցյալ դարավերջի աշխարհաքաղաքական փոփոխություններին, նա նշեց. «Արցախին վերապահված էր հարավկովկասյան տարածաշրջանի ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հոգևոր և մշակութային բազմազանությունը պահպանելու բացառիկ դերակատարություն, հակառակ
պարագայում աշխարհն այսօր գործ կունենար Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար չափազանց վտանգավոր ուժերի դասավորության հետ»։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ մեր ժողովուրդը պատվով հաղթահարեց ինքնության պահպանման դժվարությունները, ստեղծեց պետական կառավարման և անվտանգության ազգային համակարգեր, որոնց արդյունավետությունն ու փաստացի օրինականությունը 1994թ. Զինադադարի մասին քաղաքական և ռազմական համաձայնություններով ճանաչված են ինչպես միջնորդների, այնպես էլ Ադրբեջանի
հանրապետության կողմից։
Գիտաժողովում ցուցադրվեց Արցախի մասին վավերագրական ֆիլմ։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի աշխատանքային այցը Հունաստան շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Բարոզու. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի օգնի խաղաղ գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինի. Բալոտելին փոխվողը չի’