‘
Ապրիլի 19-ին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ARD հեռուստատեսության եթերից հայտարարել է, որ եթե Մոսկվան ճանաչի Ուկրաինայի արևելքում գրավված տարածքների անկախությունը, ապա դա «անչափ կբարդացնի» խաղաղ կարգավորման գործընթացը: Այդ կերպ Շթայնմայերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի՝ նախորդ օրն արած հայտարարությունը:
«Ես միայն կարող եմ հույս տածել, որ մեր լսածը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը և ընդգծել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, ինչպես և որոշված է Մինսկի պայմանագրերով:
Նախորդ օրը՝ ապրիլի 18-ին, «Вести в субботу» հեռուստահարցազրույցում Պուտինը, պատասխանելով Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ հարցին, հայտարարել է. « Ես այժմ չէի ցանկանա խոսել դրա մասին: Քանի որ ինչ էլ ասեմ, այդ ամենը կարող է հակառակ արդյունքն ունենալ: Մենք պետք է առաջնորդվենք կյանքում ծագող իրական իրավիճակներին համապատասխան»:
Պուտինը նաև անարդյունավետ է անվանել Իսրայելի կողմից զենքի մատակարարումը Ուկրաինային: «Դա ընտրություն է, դա Իսրայելի ղեկավարության ընտրությունն է, նրանք իրավունք ունեն անել այն, ինչ նպատակահարմար են համարում: Կարծում եմ՝ դա հակառակ արդյունքն է տալու: Եթե խոսքը մահաբեր զենքի մասին է: Քանի որ դա միայն ավելի է սրելու հակամարտությունը»«- հայտարարել է Պուտինը: Փոխանցում է newsru.com-ը:
‘