‘Շիրակը «կերտեց» Սան-Մարինոյի ֆուտբոլային պատմությունը. Տրե Պեննե — Շիրակ 1:0’

1026

Գյումրիի Շիրակն ամոթալի պարտություն կրեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում:

Սան Մարինոյում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը 0-1 հաշվով զիջեց Սան Մարինոյի չեմպիոն Տրե Պեննե ակումբին: Հանդիպումը կայանում էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, որին մասնակցում են ամենավատ ակումբային վարկանիշ ունեցող ՈՒԵՖԱ-ի անդամ չորս երկրները: Այս փուլում հայկական թիմի հայտնվելն արդեն ամոթալի էր, իսկ այդ փուլում պատությույնն՝ էլ ավելի ամոթալի:

Ավելացնենք, որ հանդիպման վերջին րոպեին դաշտից հեռացվեց գյումրեցիների երիտասարդ ֆուտբոլիստ Դավիթ Մարիկյանը:

Շիրակը առաջին խաղում տարած 3-0 հաշվով երկրորդ փուլի ուղեգիր ձեռք բերեց, որտեղ կհանդիպի Բելգրադի Պարտիզանին:

Առաջին խաղը հուլիսի 16-ին կկայանա Գյուրիում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 24-ին Բելգրադում:

Այս կապակցությամբ «Ֆուտբոլ365»-ի մեկնաբանը գրում է.

«Մենք սիրում ենք այլ երկրների պատմություններ «կերտել»: Հայաստանի հավաքականը կերտում է Մալթայի հավաքականի պատմությունը, անցյալ տարի «Գանձասարը» մտավ Ֆարերյան կղզիների ֆուտբոլային հանրագիտարանի մեջ: Հիմա էլ հերթը «Շիրակինն» է:

57 տարվա ֆուտբոլային պատմություն ունեցող «Տրե Պեննեն» եվրոգավաթներում մինչեւ հիմա պարտվել էր միայն խոշոր հաշվով, չէր կարողացել նույնիսկ գոլ խփել, իսկ հիմա միանգամից երկու ռեկորդ:

Սան-Մարինոյի ներկայացուցիչը ոչ միայն գոլ խփեց եվրոգավաթներում, այլ նույնիսկ հաղթանակ տոնեց:

Հիմա կասեք` դե առաջին խաղից հետո ամեն ինչ պարզ էր, մոտիվացիա չկար, բայց դա «Շիրակի» ցուցադրած ֆուտբոլի հետ որեւէ կապ չունի: Վարդան Բիչախչյանը մեկ շաբաթ առաջ Գյումրիի խաղից հետո իր դժգոհությունը հայտնեց իր թիմի ցուցադրած խաղից, բայց կարծես դրանից ոչ մի հետեւություններ էլ չեն արվել եւ այդ «ֆուտբոլը» շարունակվեց հնչեղ անուն ունեցող 5100 տեղանոց «Օլիմպիական» մարզադաշտում:

Այսպիսի խաղով մեկ շաբաթ հետո մենք սերբական «Պարտիզանի» հետ հաստատ անելիք չունենք…

P.S. Հետաքրքիր է, «Շիրակի» ֆուտբոլիստները առաջին փուլի արգելքը հաղթահարելու համար պարգեւավճարներ կստանա՞ն»:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյան. Ցանկանում էի քայլ առաջ կատարել (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’