‘
Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ: Ավելին, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել Գյումրու իր լավատեղյակ աղբյուրներից, դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել:
Թերթը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ գործ է հարուցվում և մեղադրանք առաջադրվում գործող դատախազին: Քրգործի առիթը եղել է Գյումրու բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանի՝ ոստիկանություն ներկայացրած բողոքը: Բանն այն է, որ Գ. Հովհաննիսյանն իր տնակից կատարված գողության առթիվ հարուցված քրգործի ճակատագիրն իմանալու համաի հունիսի 25-ին հանդիպել էր Կարեն Շահբազյանի հետ:
Սակայն, ինչպես ԶԼՄ-ներին տեղեկացրել էր 60-ամյա կինը, դատախազը աթոռին նստելու համար վիրավորել էր իրեն և աշխատակիցներին հրահանգել «դուրս շպրտել» դատախազության շենքից:
«Դատախազի դեմ ՀՔԾ-ում քրգործ հարուցելու մասին լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որը, սակայն, ասաց. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»։ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, պատճառաբանելով, որ իրեն զանգահարել ենք ուշ երեկոյան՝ոչ աշխատանքային ժամի, վկայակոչեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ու ասաց, որ հարցն ուղարկենք գրավոր»,–գրում է թերթը։
‘