‘Շիրակի մարզը դարձել է քրեական նորությունների մատակարար. Նոր սպանություն Գյումրիում’

1815

Երեկվանից Շիրակի մարզը դարձել է քրեական նորությունների հիմնական մատակարարը: Երեկ ժամը 17:00-ի սահմաններում Գյումրիից ոչ հեռու գտնվող Գետք գյուղի տարածքում հայտնաբերվել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր դին՝ հրազենային վնասվածքներով և բռնության հետքերով:

Կեսգիշերին նոր սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասում: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ սպանվողը նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Անտիկյանը վիճաբանել է բարեկամի հետ, ինչը վերածվել է կռվի և ավարտվել դանակահարությամբ: Սակայն, ըստ իրավապահների, սա նախնական վարկած է, այդ իսկ պատճառով առայժմ ձերբակալված կամ բերման ենթարկված քաղաքացի չկա:

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, Էդգար Անտիկյանին դանակահարել են գլխից, կրծքավանդակի աջ և ձախ կողմերից, նաև գոտկատեղից: Հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց քաղաքացին մահացել է:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ոստիկանապետն է Վարդան Նադարյանը, ով ինքն էլ քրեական նորությունների մատակարարման հարցում ետ չի մնում. Ոստիկանության վարչության պետը մայիսին բռնություն էր կիրառել գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և վերջինիս եղբոր նկատմամբ: Այս դեպքի առիթով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցած:

Նախորդ հոդվածը‘Մալիում հայտնաբերվել են Air Algerie-ի անհետացած օդանավի բեկորները’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Բրյուսովի համալսարանի տանիքում (Տեսանյութ)’