‘Շմայսի վարորդին մեղադրանք է առաջադրվել. Նրան ուզում են պրծացնեն տուգանքով’

1830

Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից։

Նման արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն խայտառակ բացատրություն էր տարածել, որտեղ փորձել էր արդարացնել Արշակ Սվազյանի ստորագրությամբ ազատ արձակելը: Շշվում էր, որ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար անհրաժեշտ կլինի երեք շաբաթ, ու քանի որ մինչ այժմ Ա. Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում, հետևաբար՝ մինչև այդ երեք շաբաթն անցնի, համարվելու է, որ Սվազյանը հասցրել է թեթև մարմնական վնասվածք, ու քանի որ վնասվածքը թեթև է, Սվազյանը ազատ է արձակվել:

Ստացվում է, որ նախաքննական մարմինը չի սպասել մինչև անցնի երեք շաբաթը և Արամ Մանուկյանի ստացած վնասվածքը որակել է որպես «թեթև»: Իհարկե, հետագայում Սվազյանի արարքը կարելի է վերաորակել, սակայն ակնհայտ է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի Սվազյանը ստանա նվազագույն պատիժը, այսինքն՝ պրծնի տուգանքով:

Նախորդ հոդվածը‘Կոտայքում փոխհրաձգության հետևանքով տղամարդ է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Պակիստան. Փեշավարի դպրոցում ահաբեկչությունը համախմբել է երկիրը’