‘Շմայս. 15 մլն դրամը լավ տղու համար գումար չի’

1298

Պարզվում է՝ Աժ բոլոր պատգամավորներն անխտիր, ամեն ամիս, պետբյուջեից բացի, իրենց ֆիքսված աշխատավարձերին հավելյալ 15 հազարական դրամ են ստանում, որը հատկացվում է իբր ընտրողների հետ հանդիպումների համար։ Այս մասին գրում է «Հրապարակը».

«Դժվար է հավատալ, որ Աժ 131 ազգընտիրներից բոլորն ամեն ամիս նման հանդիպումներ են ունենում, եթե չասենք, որ ընտրողը շատերին տեսնում է ընտրությունից ընտրություն, հետևաբար, կարելի է արձանագրել, որ այս հատկացումով հազարավոր գումարներ են տարեկան մսխվում պետբյուջեից։ Թեև դրա կարիքն ունեցողներն էլ կան, բայց նրանք էլ դժգոհում են գումարի չափից։ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, օրինակ, ասում է, որ «Ֆեյսբուքի» իր էջով, ինչպես նաև հեռուստաեթերով ինքն ամիսը երկու անգամ առնվազն հայտարարություն է անում մարդկանց հետ ընդունելություն կազմակերպելու համար. «Բացի դրանից, ամեն օր առնչվում եմ ընտրողների հետ։ Բնականաբար, այդ գումարը չի բավականացնում, դա, կարելի է ասել, ծիծաղելի գումար է և չի բավականացնում անգամ միայն թղթաբանությանը, նամակագրությանը։ Զորօրինակ, ծրարներ չեն տրամադրվում Աժ կողմից, և հարկադրված ես ինքդ ձեռք բերել, որովհետև ամեն քաղաքացու հետ կապված՝ առաջանում է երկար շաբաթների հետ կապված, երբեմն ամիսների գրագրության անհրաժեշտություն։ Էլ չեմ խոսում այցելությունների մասին։ Շատ անգամ ամիսը մի քանի այցելության կարիք է զգացվել ինչ-որ տարածք, դահլիճի վարձակալություն երբեմն, բնական է, որ 15 հազարը չի բավականացնում»։ Պատգամավորը տեղեկացնում է, որ անգամ այդ փոքրիկ գումարը ստաբիլ չի փոխանցվում. «Մեկ ասում են՝ իբր երկու ամիսը մեկ են փոխանցում, մեկ ասում են՝ ինչ-որ ժամանակ պարբերականությամբ»։

Պատգամավոր Առաքել Մովսիսյանից հարցրինք. Ձեզ պետք չէ՞ այն 15 հազար դրամը, որն ամսական տրամադրվում է յուրաքանչյուր պատգամավորի։ «Ես սկի խաբար չեմ, եթե ստացել եմ, ուրեմն տվել եմ մի խեղճ ընտանիքի, նոր եմ լսում դրա մասին, ըտենց բաներով էլ չեմ հետաքրքրվում։ Իմ աշխատավարձը ես տալիս եմ մի խեղճ ընտանիքի»։ Իսկ ինչո՞վ է ապրում։ «Ինչի ես էդ աշխատավարձո՞վ եմ ապրում, իմ ծախսերը ժողովրդի վրա էդ աշխատավարձի հարյուրապատիկն ա»։ Պատգամավորն ընտրողների վրա իր ծախսերի մասին ավելի ստույգ իմանալու համար նոյեմբերի 15-ին մեզ հրավիրեց Փարաքար։ «Փարաքարի, Թաիրովի երեք դպրոցներում ատապլենի եմ քաշել, եկեք՝ կտենաք ինչքան եմ ծախսում, մոտավորապես 35 մլն էս երեք ամսվա մեջ դրել եմ էդ երեք դպրոցի վրա, անձամբ իմ գրպանի հաշվին»։ Իսկ պատգամավորի աշխատավարձը նույնիսկ չեք վերցնում, այդ ի՞նչ գումարներով եք ապրում և բարեգործություն ձեռնարկում։ «Պատգամավորը պտի շնորհք ունենա, իրա լավ ընգերներով հզոր ըլնի։ Ընգերներս օգնում են, ես էլ էդ ամեն ինչին տեր եմ կանգնում, անում ենք։ Մենակ լինեի, հաստատ ոչ մի բան չէի կարա անեի, մոտավորապես 20 մլն ընգերներս են օգնել։ Իսկ մնացածը ես եմ արել, իսկ էդ արդեն լավ տղու համար գումար չի»»,–գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակի ասածը գրոշի արժեք չունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նեմեց Ռուբոն ու Լֆիկ Սամոն իրադարձությունների թատերաբեմում էին. Մամուլ’