‘Շնորհավորանքներ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի առթիվ’

4728

Երեք օր առաջ՝ հունվարի 9-ին, լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը։ Հակառակ իր ընկերների հորդորների ու ցանկությունների՝ նա կտրականապես մերժեց հոբելյանական այդ տարեթիվը ոչ միայն ինչ-որ հանդիսությամբ, այլ նաև որևէ կերպ նշելու առաջարկները։ Այդ օրը ստիպված էր զուսպ մնալ ե՛ւ Կոնգրեսի ղեկավարությունը, ե՛ւ, անգամ, iLur.am-ը։ Շատ շնորհավորանքներ, որ կարող էին փոխանցվել նաև անձամբ, դրվեցին սոցիալական ցանցերում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

Բաթ Ադամյան

Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել: 1000 տարի անընդհատ մեզ տիրող ազգերը մեզ ներշնչել են, որ մենք արժանի չենք պետություն ունենալու, և այդ գործում բավականին մեծ հաջողության են հասել,

վկա՝ մեր հայրենակիցների մի մասի եվրոպա-ռռւսա- և այլամետությունները: 25 տարի մենք պայքարում ենք երկու ճակատով՝ մեր ներքին այլամետության և արտաքին ուժերի դեմ՝ ինքնահաստատվելու ու մեր տեղը գրավելու ազգերի ընտանիքում:
Դուք առաջնորդել ու առաջնորդում եք մեզ այդ դժվարին պայքարում:
Շնորհավոր Ձեր ծննդյան 70-ամյակը, մեծարգո առաջին նախագահ:

Մանուկ Հարությունյան

Կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված շնորհավորանքներն ու որոշեցի ես էլ միանամ, իմ խոսքն ասեմ: Այնպես, ինչպես ազատամարտիկն է առանց թույլտվություն խնդրելու խոսում իր գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Ավելի շատ ոչ թե խոսում, այլ մենախոսում, որպեսզի չկաշկանդվեմ Ձեր ներկայությունից, հայացքից, աչքերի մեջ նայելուց ու մտքեր կարդալուց: Որպեսզի ազատ խոսեմ իմ հրամանատարի ու զորավարի, իմ ուսուցչի հետ: Այո, ուսուցչի: Որովհետև Դուք մեզ սովորեցնում եք ունենալ աննահանջ կամք, հստակ թիրախներ, հետևողական ուղղություն, անշեղ հարվածներ:
Սովորեցնում եք դիրքավորվել, ունենալ այո և ոչ, կողմ և դեմ, ունենալ սեփական դիտանկյունը, հարվածներ ընդունել և հարվածներ հասցնել, պայքարել մինչև վերջ, չհուսահատվել, չփախչել ու չհոգնել, կամքի ցուցադրմամբ կամազրկել հակառակորդին, զգաստացնել միջավայրը:
Սովորեցնում եք ընտրել և բացահայտել բանականն ու բարոյականը, հստակն ու շիտակը, հիմնավորվածն ու ու ամուրը.
Սովորեցնում եք չնմանվել ոչ մեկին, չիջնել ու չիջեցնել, այլ հավատալով մարդկային ընկալունակությանը` բարձրանալ ու բարձրացնել:
Մի բան էլ ասեմ: Նախնիներս Մուշում 15 թվականի եղեռնից փրկվել ու Հայաստան են գաղթել զորավար Անդրանիկի շնորհիվ: Անդրանիկի նկարները մեր տանը մինչ այսօր դրված են սրբապատկերների կողքին: Անդրանիկի կերպարը ուղենիշ է եղել իմ, նաև զինվոր ու զորակոչիկ երկու տղաներիս համար:
Երկիր պահելու, ազգին զորավիգ լինելու Ձեր գործերին ու ջանքերին ուշադիր հետևողն ու Ձեզ լսել-կարդալ-հասկանալ կարողացողները կհաստատեն, որ Դուք շարունակում եք Անդրանիկ զորավարի կիսատ մնացած գործը, մասունքների ու փշրանքների հավաքման գնով անգամ երկիր ու ժողովուրդ եք պահում-պահպանում:
Շնորհավորում ենք Ձեզ, պարոն Նախագահ:
Մանուկ Հարությունյան
ազատամարտիկ

Երջանիկ Աբգարյան

Այսօր լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 70-ամյակը: Այս կապակցությամբ ես Առաջին նախագահին մաղթում եմ քաջառողջություն ու հետագա բեղմնավոր գործունեություն: Անժխտելի է Լևոն Տեր-Պետրոսյանի վճռական դերը Ղարաբաղյան շարժման, Հայաստանի անկախության, ռազմական հաղթանակի, երկրում ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների արմատավորման և Հայաստանի պետականության կայացման այլևայլ հարցերում: Հատկապես ուզում եմ շեշտել այն պատմական փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանին բաժին հասան նորանկախ Հայաստանի անցած 27 տարիների ամենածանր և շատերի կողմից «անհաղթահարելի» թվացող դժվարությունները, և հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ էր, որ մեր իշխանությունն ու ժողովուրդը կարողացան փառավորապես հաղթահարել այդ կարգի բոլոր դժվարությունները: Ջերմորեն շնորհավորում եմ փառավոր տարեդարձդ, սիրելի Լևոն:

Հարութ Ուլոյան

Այսօր լրանում է ՀՀ Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը:

ՀՀ Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան.
— Արցախյան շարժման լեգենդ;
— Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ Հայաստանը անցնցում անկախություն հռչակեց;
— Գերագույն գլխավոր հրամանատարությամբ ազատագրվեց Արցախը; 
— Ճկուն դիվանագիտական քայլերի շնորհիվ Արցախի հարցի վերաբերյալ ձևավորվեց հայանպաստ միջազգային կարծիք;
— Հայաստանը դարձավ «ժողովրդավարության կղզյակ»;
— Հայկական ատոմակայանի վերագործարկման շնորհիվ հաղթահարվեց 1988թ.-ից սկսված էներգետիկ ճգնաժամը;
— Հայաստանը արժանապատիվ կերպով ներկայացավ միջազգային կազմակերպություններում;
— Բարիդրացիական հարաբերություններ հաստատվեցին տարածաշրջանի և աշխարհի խոշոր պետությունների հետ;
— 1998թ.-ին արժանապատվորեն հրաժարական տվեց;
— 2007-ին վերադառնալով քաղաքականություն՝ գլխավորեց հզորագույն համաժողովրդական շարժումը և այն օժտեց գաղափարական նպատակներով: Մինչ օրս այդ շարժման հիմքի վրա ձևավորվում են բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններ; 
— Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, իսկ քաղաքական բազմաթիվ ելույթներն ու հոդվածները տարիների ընթացքում ոչ միայն չեն կորցնում իրենց արդիականությունը, այլև ավելի ու ավելի են ընդգծում հեղինակի անգերազանցելի հեռատեսությունն ու համոզմունքների իսկությունը;
— Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր;
— Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, հին հունարեն, գերմաներեն, հին հայերեն, արաբերեն, լատիներեն և ասորերեն լեզուների:

Սուրիկ Ասմարյան

Այսօր 1990-1991 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:
Շնորհավոր տարեդարձ և առողջություն:
Ով էր ԼԵՎՈՆԸ՝ Լևոն Տեր-Պերոսյանը մեզ համար՝ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահը:
Կարելի է թվարկել նորանկախ Հայաստանի պառլամենտի առաջին նախագահ Լևոնի հազար ու մի առավելություններ և թերություններ, նվաճումներ և ձախողումներ, հիշել կամ հիշողություններ գրել նրա՝ որպես մարդու կամ պետական-քաղաքական գործչի կերպարի և գործունեության մասին, սակայն ես, որպես «կողքից» նրան և նրա գործունությանը հետևող շարքային քաղաքացի (նախկինում՝ համոզված կոմունիստ), ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյան պետական քաղաքական գործիչին դատափետողների՝ Լևոնին կբնորոշեի այսպես.
Լևոնը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, եղավ և մնաց հայ ժողովրդի բոլոր ժամանակների ՄԻԱԿ և ԵԶԱԿԻ անձը, պետական-քաղաքական գործիչը, ում հավատացել, ում վստահել և ում հետևից գնացել են միլիոններ, և ընդհակառակը, և դա բնական էր պետական-քաղաքական գործչի դեպում, Լևոն նախագահին պետք է անիծեին և հայհոյեին հարյուր հազարավոր մարդիկ և կուսակցություններ: Լևոնը…այն անձն էր և է, ու՛մ անձի, գործունեության հասցեին ինչ ասես և ինչեր ասես չեն հորինել, որպեսզի նրան տապալեն այն բարձունքից, որին իրավամբ արժանի է ՀՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոնը իր ժողովրդի՝ իր նկատմամբ հավատն ու վստահությունն իրացրեց աննախադեպ ճնշման, ատելության և քննադատությունների տարափի տակ՝ արդյունքում… կայացվե՛ց նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր անձի հեղինակության անկման հաշվին անգամ, հասավ Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության ստեղծմանը, մի էական հանգամանք, ինչն իրեն գոյության 70-տարիների ընթացքում անունակ էին անել «փառապանծ» կոմունիստները:
Շնորհավոր տարեդարձ…

Ժաննա Ժամկոչյան

Այսօր ՄԵծ Հայորդու, ՀՀ հիմնադիր Նախագահի ծննդյան օրն է: Սրտանց շնորհավորում եմ հայ ազգի Առաջնորդի, պետական գործչի, միակ ընտրված Նախագահի ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը: Ցանկանում եմ ՄԵՐ Նախագահին երկարակեցություն և հաջողություն հայանպաստ այս դժվարին և բարդ գործում: Ծնունդդ շնորհավոր, հարգարժան Նախագահ:

Գևորգ Ալիխանյան, ազատամարտիկ

Մեծարգո պարոն Գերագույն գլխավոր հրամանատար:

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր տարեդարձի կապակցությամբ:
Հպարտ եմ, որ Ձեր զինվորն եմ:
Հպարտ եմ, որ Դուք իմ առաջնորդն եք:
Եվ վերջապես հպարտ եմ , որ Ձեզ նման մեծագույն հայի ժամանակակիցն եմ:

Նարինե Գիժլարյան

Ես Լևոն Տեր-Պետրոսյանին շատ եմ հարգում և սիրում՝ որպես մարդու, մտավորականի և պետական գործչի: Ինչպես մի առիթով արտահայտվել է Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին (իրականում դա եղել է Պրոդին- iLur), անգամ Իտալիան է փոքր` Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության, թափի համար: Էլ չխոսած Հայաստանի մասին: Աստված պահապանի ձեզ և Հայաստանը, պարոն նախագահ:

Անահիտ Ղուկասյան

Բրաբիոն ծաղիկ որոնողը.

Ինձ համար այսօրվա միակ արժեքավոր թեման ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրվա առթիվ լրատվությամբ ու սոց.ցանցերով եղած գրառումներն ու արձագանքներն էին: Դրանց և առկայությունը, և բացակայությունը ինձ հետաքրքրում էին մի քանի առումներով, որոնք չէի ուզենա մանրամասնել՝ թեմայից չշեղվելու և օրվա խորհուրդը չխամրեցնելու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսք եմ ուզում ասել իմ դիտանկյունից, որպես 4 երեխաների և 15 հոգանոց գերդաստանի մայր, որը 90-ականերին եղբայրների հետ անմիջական մասնակիցն էր Արցախյան ազատամարտին ու Երրորդ հանրապետության կայացմանը, իսկ վերջին 7-8 տարիներին արդեն տղաներիս հետ` համաժողովրդական շարժմանն ու ավազակապետության դեմ պայքարին: Երկու դեպքում էլ մեզ առաջնորդում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որի անձն ու կերպարը մեր գերդաստանում խորհրդանիշ է ազգային ու բարոյական շատ-շատ արժեքների:
Երջանկահիշատակ Մուշեղ Գալշոյանը ժամանակին նույնքան երջանկահիշատակ Խաչիկ Դաշտենցի գրական պատումները համարում էր հայերին ուղղված նամակներ` ցավի ու կորստի, սիրո ու կարոտի: Իր կյանքն անանձնական ապրած Խաչիկ Դաշտենցին Գալշոյանը համեմատում էր երջանկության ծաղիկ որոնող այն «խենթերի» հետ, որոնք ամեն մի նոր սերնդի հետ գալիս են որոնելու Ավետյաց երկրի` իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը: Մեր ժամանակներում, սկսած 88 թվականի ազգային զարթոնքից, Լևոն Տեր-Պետրոսյանի, առանց բացառության՝ բոլոր ելույթները, նրա ոսկեղենիկ հայերենով խոսքը մենք մինչ օրս ընկալել ենք որպես մեզ ուղարկված նամակներ, նորից սիրո ու կարոտի, ցավի ու կորստի: Դրանցում զգացել եմ կարծես ինձ ուղղված տոկունության, կամքի ու արժանապատվության կոչ ու քաջալերանք: Իսկ վերջինիս կարիքը տարեցտարի զգացվում է ավելի ցավալիորեն, քանի որ աչքիս առաջ են երեք տղաներիս հարկադիր արտագնա աշխատանքի մեկնելը, երեք հարսներիս և հինգ թոռնիկներիս կարոտի ու մորմոքի դրսևորումները: Այս երկար ու մանր շարադրանքս լավագույնս կհասկանան նման իրավիճակում հայտնված հազարավոր հայ մայրեր: Ու այս վիճակի ելքի, լուծման կամ, եթե կուզեք՝ փրկության միակ դեղատոմսը տվել է հիմնադիր Նախագահը: Ու ես հավատով, կամքով, նվիրումով Լևոն Տեր-Պետրոսյանի կոչով առաջին գնացողներից եմ հրապարակ ու բացահայտ պայքարի դուրս եկողներից: Չեմ չափազանցում, որովհետև այլ ելք չեմ տեսնում, հավատս ու հույսս մարմնավորող այլ անձնավորություն չեմ տեսնում, մերօրյա հայոց պատմությունը կերտող այլ անհատականություն չեմ տեսնում:
Ու սպասում եմ Ձեր կոչին…
Ապրած կենաք, պարոն Նախագահ: Արևշատություն եմ մաղթում Ձեզ:

Հայաստանի «Մուսալեռ» հայրենակցական միություն

Սիրելի հայրենակիցներ, այսօր, 2015 թ. հունվարի 9-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ, Հաղթանակած Հայկական Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատար, Հայ ժողովրդի նորագույն պատմության հիմնական կերտող, իմաստուն քաղաքական գործիչ, բոլոր ժամանակների ամենակարկառուն մուսալեռցի, մեծարգո ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը:
Այս առիթով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ բարձր տոնական տրամադրությամբ, ի դեմս բոլոր համերկրացիների՝ շնորհավորում է մեր սիրելի նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ և ցանկանում քաջառողջություն, նորանոր հաջողություններ, հաղթանակներ և խիզախումներ:

Արամազդ Ղալամքարյան

Իմ ճանաչած եզակի մարդ, ով անձնական շահը հանրության շահից երբեք, կրկնում եմ՝ ԵՐԲԵ՛Ք չի գերադասել՝ հաճախ մնալով չհասկացված, սխալ հասկացված, մերժված, անհարկի չսիրված, միայնակ…

Չկա մարդ ու չի էղել, ում ես պաշտեմ։ դրանով ինքս ինձ կվիրավորեի։ Բայց կան մարդիկ, ում սիրում եմ, հարգում, ում անցած ճանապարհով հպարտանում ու հիանում եմ։ Լևոնն էդ եզակիներից ա։

Շնորհավոր ծնունդդ, Հայաստանի վերջին 20 տարիների, ցավոք, միակ հույս։

Նախորդ հոդվածը‘Գյումրիի մարդասպանը պետք է դատվի ՀՀ օրենքներով’
Հաջորդ հոդվածը‘2014 թ. օդային ճանապարհով մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռը կազմել է մոտ 3 000 մարդ ‘