Շնորհավորանք Բաբկեն Արարքցյանին

2008

Այսօր պետական, քաղաքական գործիչ Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է։

Բաբկեն Արարքցյանի անունը սերտորեն կապված է Արցախյան շարժման սկզբնավորման եւ ողջ ընթացքի հետ։ Նա այդ Շարժումը գլխավորող «Ղարաբաղ» կոմիտեի կազմում էր ի սկզբանե։

Բաբկեն Արարքցյանի անունը սերտորեն կապված է նաեւ Հայաստանի Հանրապետության ծննդյան հետ։ Նա էր 1991 թ. ղեկավարում Հայաստանի Հանրապետության Անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը։ Առաջին հերթին նաեւ նրա կատարյալ ու հետեւողական աշխատանքի արդյունքն էր, որ անթերի անցկացված այդ հանրաքվեն անգամ միջազգային ասպարեզում գնահատվեց որպես «քաղաքական արվեստի փոքրիկ գլուխգործոց»:

1991 թ. դեկտեմբերից Արարքցյանը ՀՀ Գերագույն խորհրդի նախագահն էր, եւ նրա հմուտ ու նվիրված աշխատանքի արդյունքն է նաեւ, որ մինչեւ հիմա էլ շատերը երանությամբ ու գովասանքով են խոսում մեր առաջին խորհրդարանի աշխատանքի որակի ու արդյունավետության մասին։ Իր անբասիր աշխատանքն ու որպես քաղաքական ու պետական գործիչ ամբարած փորձն ու հեղինակությունը պայմանավորեցին, որ 1995 թվականին նույնպես նա ընտրվեր մեր երկրորդ խորհրդարանի՝ Ազգային ժողովի նախագահ։

Հայ ազգային կոնգրեսը, արժեւորելով Բաբկեն Արարքցյանի՝ միայն ակնածանքի ու մեծարանքի արժանի դերակատարությունն ու վաստակը Հայաստանի Հանրապետության ծննդյան ու կայացման գործում, լավագույն ցանկություններով շնորհավորում է նրան ծննդյան օրվա առթիվ։

iLur-ը նույնպես սրտանց շնորհավորում է հարգարժան պարոն Արարքցյանին եւ առողջություն ու երկար տարիների կյանք մաղթում։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Լիկբեզ նիկոլականների համար
Հաջորդ հոդվածըՀՀ ՊՆ-ն հերքում է