Շնորհավորում եմ, պարոն Նախագահ. Ռաֆայել Թեյմուրազյան

572

Հունվարի 9-ին լրանում է ՀՀ Առաջին նախագահի 80-ամյակը։ Վստահաբար ԱԺ-ից ու կառավարությունից ոչ ոք չի համարձակվելու հրապարակային անգամ պարզ շնորհավորանք հղել։ Սա ևս մեկ ցուցիչ է, թե որքան հեռու է օրվա իշխանությունը պետականությունից, ավանդույթներից, քաղաքականությունից ընդհանրապես։

Թեև անկախության հռչակումից հետո Հայաստանի չորս ղեկավարներից Լևոն Տեր-Պետրոսյանն ամենաքիչն է պաշտոնավարել և այն էլ՝ ամենածանր շրջանում, սակայն նրա թողած տպավորիչ ժառանգությունը, ինչպես նաև մտավորական ու քաղաքական մտածողության կշիռն այնքան մեծ են, որ վստահաբար ուղենիշ են դառնալու իրապես անկախական քաղաքական մտքի համար։

Պետական գործիչը

Հայաստանի Առաջին նախագահը պետական գործչի դասական օրինակ է, ինչի ցուցիչ է նրա գործունեությունը թե՛ որպես երկրի նախագահ, թե՛ որպես ընդդիմության առաջնորդ։ Ամբոխահաճությունը երբևէ տեղ չգտավ նրա վարքում. Տեր-Պետրոսյանը չի խորշում դժվար որոշումներ կայացնելուց և իր քայլերը դիտարկում է պետականության պրիզմայով, ինչի վկայությունն է նրա ողջ քաղաքական կենսագրությունը։

Մայրենի լեզվի պահապանը

Որպես պետական գործչի առաջին բնորոշիչ թերևս պետք է առանձնացնել հայերենի նկատմամբ Առաջին նախագահի վերաբերմունքը։ Խոսքն աստվածաշնչյան թարգմանությունների կամ օտարահունչ որոշ բառերի հայերեն հաջողված համարժեքներ առաջարկելու մասին չէ, այլ նրա խոսքի՝ ականջ շոյող մաքրամաքուր հայերենի։ Առաջին նախագահն ընդգծված խնամքով է վերաբերվում մեր ինքնության առանցքին՝ մեր լեզվին։ Նրա ցանկացած ելույթ կարող է լեզվաբանության ֆակուլտետի ուսանողների համար ուղեցույց ծառայել։

Կանգնած մնացողը

Առաջին նախագահն աչքի է ընկնում համառ հետևողականությամբ։ Անգամ ամենամեծ հակազդեցության պարագայում, վտանգելով սեփական քաղաքական ապագան ու վարկանիշը, Տեր-Պետրոսյանը մինչև վերջին պահը, թեկուզ արդեն պաշտոնաթող, արեց հնարավորը՝ արցախյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա հնարավորություններն առավելագույնս օգտագործելու հարցում իշխանություններին օգնելու գործում՝ անկախ նրանից, թե ո՛վ էր երկրի ղեկավարը տվյալ պահին։

Վերջին վհատվողը

Հուսահատություն եզրույթը տեղ չի գտնում նրա վարքում՝ ոչ մի պարագայում։ Առաջին նախագահը երկիրն առաջնորդել է ծանրագույն ժամանակներում՝ երկրաշարժի թարմ հետևանքների, կայսրության փլուզման, պատերազմի, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամի պայմաններում, ու իրենից հետո թողել ինստիտուտներ, բանակ, ազատագրված Արցախ, վերագործարկված ատոմակայան, աճող տնտեսություն (առաջինն ԱՊՀ-ում ԽՍՀՄ փլուզումից հետո)։ Նա լուծումներ է գտնում անգամ ամենաանհուսալի իրավիճակներում՝ հավատարիմ մնալով մտավորականի՝ վերջին վհատվողը լինելու իր բնորոշմանը։

Այսօր Հայաստանի Առաջին Նախագահը հայրենի քաղաքական դաշտում, ցավոք, բանականության եզակիության կետ է դարձել։ Պետական գործչի, մտավորականի, վերջին վհատվողի նրա օրինակը, սակայն, հույս է ներշնչում, որ հայ քաղաքական միտքն ի զորու է ձերբազատվել խեղդող այն ճահճից, որի տեղապտույտում է արդեն դարից ավելի։ Դա՛ է լինելու մեր նոր 88-ը, Հայաստանի նոր վերածննդի հիմքը։ Շնորհավորում եմ, պարոն Նախագահ։

Նախորդ հոդվածըՈրպես շնորհավորանք՝ պատմական փաստերի արձանագրում Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առիթով. Աշոտ Սարգսյան
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Կշարունակենք անել ամեն ինչ, որ ողջախոհության ճրագը չմարի