‘Շնորհավոր Ամանոր. Կհանդիպենք եկող տարում’

3422

Չերչիլը մի լավ խոսք ուներ. «Երբեք, երբեք, երբեք չհանձնվեք»: Հայերս ասում ենք` մի լույս կբացվի; Բայց մեր տարբերակում մի տեսակ պակասում է մարդու պայքարի բաղադրիչը, ու հիմնական տարրը հույսն է դառնում: Առաջին տարբերակում մարդը չի ասում` բախտս չբերեց, չի ասում՝ ե՛ս չեմ կարող, մե՛նք չենք կարող, ասում է` այս անգամ էլ գուցե չստացվեց, բայց էլի՛ կփորձեմ, այնքան՝ մինչեւ ջարդեմ զարգացմանը խոչընդոտող պատնեշները:

Անցնող տարին էլի ու նորից պայքարող, չհանձնվող քաղաքացու տարին էր: Եւ Բաղրամյան պողոտայում, եւ հատկապես դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման հանրաքվեի ժամանակ:

Անցնող տարին հեշտ տարի չէր, մենք էլի պայքարեցինք, ու չնայած դրան, մեր նպատակի ամբողջական իրականացմանը չհասանք: Ունեցանք փոքր հաղթանակներ, բայց կարեւորը` չհանձնվեցինք: Որովհետեւ  մեր «կռիվը» մեր երկրի ու մեր ապագայի համար էր ու է, ու հետեւաբար՝ անպայման պիտի հաջողենք: Որովհետեւ եթե ձեռքերդ ծալած չես նստում, ապա մի օր անպայման կհաջողես: Չհաջողելու միայն մեկ երաշխավորված տարբերակ կա` ոչինչ չանելը: Իսկ դրա իրավունքը մենք չունենք: Ինչքան էլ որ դժվար լինի:

Անցնող տարին դժվար էր շատերի համար, այդ թվում` մեր կայքի: Մենք բազմաթիվ փորձությունների ու մարտահրավերների միջով անցանք եւ դեռ շարունակում ենք բախվել դրանց, բայց կայքի աշխատողները միաձայն որոշեցին, որ կայքը պիտի աշխատի` անկախ ամեն ինչից ու բոլորի, շատերի համար կենսական թվացող խնդիրներից. հանուն մեզ, հանուն մեր ընթերցողների եւ ի հեճուկս իշխանությանը ծառայող այն անձանց, որոնք կերազեին փակված տեսնել ընդդիմադիր կայքը: «Իլուրը» մնաց, որովհետեւ մեր ընթերցողների բազմաթիվ զանգերն ու նամակները ցույց տվեցին, որ մեր խոսքը տեղ է հասնում, որ մեր խոսքի կարիքը կա, եւ հետեւաբար, հաղթեց սկզբունքը: Այնպես որ, եկող տարում էլ մենք ձեզ հետ կլինենք, այնքան` ինչքան կկարողանանք, որովհետեւ մենք բոլորս շատ անելիքներ ունենք, որովհետեւ մեր պայքարը դեռ չի ավարտվել, որովհետեւ մենք գիտենք, որ երբեք, երբեք ու երբեք չպետք է հանձնվել:

Շնորհավոր Ամանոր եւ Ս. Ծնունդ: Թող եկող տարին իր հետ միայն բարին բերի, թող եկող տարում ի վերջո հաջողենք անել այն ամենը, ինչ չկարողացանք անել անցած տարիներին, եւ թող խաղաղություն բերի իր հետ, որովհետեւ սահմանին կանգնած ամեն մի զինվորի կյանքը մեզ համար թանկ է:

Հարգանքներով` Իլուրի թիմ

 

Նախորդ հոդվածը‘Ինչու հանրաքվեն պետք է անվավեր ճանաչվի. Հիմքեր’
Հաջորդ հոդվածը‘Ռունի. «Ազնիվ չէ ամեն ինչ բարդել Լուի վան Գալի վրա»’