‘Շնորհավոր Ծնունդդ, Մաեստրո’

2106

Այսօր լրանում է հայ թատերական արվեստի մեծերից մեկի՝ դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի 90-ամյակը։

Պետական ու պաշտոնական կոչումների կողքին ու դրանցից վեր, մեծատաղանդ արվեստագետի ամենաբարձր կոչումը համաժողովրդական այն անկեղծ սերն է, որ նա առատորեն վաստակել է իր նույնքան անկեղծ արվեստի դիմաց։ Երվանդ Մանարյանի կերտած կերպարները ամենասիրելին են, նրա խաղի անկրկնելի դրվագները ամենահիշվողը հասարակական հիշողության մեջ։ Թատերական արվեստում նրա մեծագույն վաստակը կարող էր գոյանալ միայն այն անմնացորդ նվիրումի շնորհիվ, որ հատուկ է եղել մաեստրոյին ի սկզբանե եւ առ այսօր։ Այժմ էլ վաստակաշատ արվեստագետը մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ արվեստի աշխարհում է, ղեկավարում է «Ագուլիս» տիկնիկային թատրոնը՝ սրբազան ու ամենակարեւոր գործ համարելով աշխարհաճանաչման առաջին քայլերն անող մանուկների ճիշտ դաստիարակությունը։

Ցանկացած, նաեւ ժողովրդավար իշխանություն հակված է իշխանազանցության, եւ ցանկացած հասարակություն առողջ է այնքան, որքան ընդդիմադիր է նրա մտավորականությունը՝ որպես ժողովրդի խիղճ։ Երվանդ Մանարյանը, որ մտավորական է այս բառի ամենալայն նշանակությամբ, չէր կարող ընդդիմադիր չլինել մի իշխանության, որ բռնապետական է եւ ազգակործան։ Ու բնական է, որ նա, մինչ այդ էլ լինելով վարչախմբի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի կողքին, 2008 թվականից ևս անսասան կանգնեց ու մնաց համաժողովրդական շարժման առաջին շարքերում։

Երվանդ Մանարյանը քաղաքացի է՝ այս բառի ողջ տարողությամբ, ու քաղաքացու դաստիարակիչ։ Նա քաղաքացի է դաստիարակում իր արվեստով, իր կեցվածքով, իր ելույթներով ու ընդհուպ՝ իր տիկնիկային թատրոնով։ Հենց որպես քաղաքացի, մտավորական ու արվեստագետ նա հրապարակավ ահազանգում էր այսօր ժողովրդի ամենակարեւոր արժեքի՝ բարոյական սկզբունքների կորստյան մասին. «Մենք կորցնում ենք մեր բարոյական սկզբունքները։ Մեր բարոյականությունը կանգնած է անդունդի եզրին։ Եթե կարողանանք նրան ետ պահել, ուրեմն կապրենք պատմության մեջ, եթե չկարողանանք՝ ուրեմն մենք գոյություն չունենք, ով ուզում է` թող ապրի այստեղ»։

Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է սիրելի մաեստրոյին ծննդյան 90-ամյակի առթիվ, մաղթում նրան քաջառողջություն ու երիտասարդական կորով՝ անպայման տեսնելու ու երկար տարիներ ապրելու համար այն Հայաստանում, որի համար ինքն էլ պայքարել է անմնացորդ։

Հայ ազգային կոնգրեսի վարչություն

Նախորդ հոդվածը‘Անդրիանո Գալիանին Դիեգո Լոպեսին Եվրոպայի լավագույն դարպասապահն է համարում’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-«Բորուսիա»՝ 4:0 (տեսանյութ)’