‘Շոյգուն ռուսաստանցի խաղաղապահներին հանձնարարել է օտար լեզուներ սովորել’

805

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է ուժեղացնել Զինված ուժերի՝ խաղաղապահ գործողությունների համար առանձնացված բոլոր զորամասերի ու միավորումների լեզվական պատրաստվածությունը: Նման հանձնարարություն նախարարը տվել է  Սամարայի մարզի խաղաղապահ ուժերի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստուգման արդյունքների վերաբերյալ ռազմական գերատեսչության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:

Մասնավորապես՝  Շոյգուն առաջարկել է ամենօրյա դարձնել «խաղաղապահական թեքումով» զորամասերի ու ստորաբաժանումների զինվորականների տարրական լեզվական պարապմունքները: «Դա վերաբերում է բոլոր խաղաղապահ բրիգադներին, ներառյալ այն ստորաբաժանումները, որոնք առանձնացվել են ռազմա-դեսանտային զորքերում՝ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար»,- ընդգծել է Շոյգուն:

Նախարարի խոսքով՝ նման գործողությունների ժամանակ անհրաժեշտ է նաև «խաղաղապահ ուժերում ընդգրկել թարգմանիչների՝ տարբեր ուսումնական հաստատություններից կամ ռազմական լեզվաբանական կենտրոնից»:

Շոյգուն, մասնավորապես, նշել է, որ լեզուների հարցում վիճակը 15-րդ բրիգադում «շատ թե քիչ կարգին է»: Ավելի վաղ բրիգադի հրամանատարը զեկուցել է, որ իր կառույցի կազմում կան հաստիքային թարգմանիչներ, ու բացի այդ՝ օտար լեզվի տիրապետում են նաև «առանձին զինվորականներ»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն խաղաղապահների անվան տակ կարող է զորք ուղարկել Ուկրաինա’
Հաջորդ հոդվածը‘ՌԴԿԿ-ն պահանջում է «Աջ սեկտորը» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն’