‘
Այս օրերին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ընթանում են համայնքային կենտրոնի կառուցման շինաշխատանքներ: Կառուցողն էլ հենց համայնքապետի ընկերությունն է` «Շուշան եւ Շահնուր» ՍՊԸ-ն, որը 29 մլն 240 հազար դրամի սահմաններում հուլիսի 31-ին պետք է ավարտին հասցնի շինարարությունը: Այս մասին գրում է hetq.am-ը:
Շորժայի համայնքապետ Սուլիկո Շուշանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում համայնքային կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները: Նա գոհ էր կատարվող աշխատանքից:
«Աշխատանքները շատ լավ ընթանում են, շենքը շահագործման կհանձնվի ժամանակին եւ շատ որակով»,- ասաց Սուլիկո Շուշանյանը:
Նշենք, որ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պայմանագիրն այս տարվա ապրիլի 12-ին կնքել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը եւ «Շուշան եւ Շահնուր» ՍՊԸ-ի տնօրենը:
Սուլիկո Շուշանյանը չէր ցանկանում նշել, որ գյուղում շինարարական աշխատանքներ իրականացնողը հենց իր ընկերությունն է, սակայն ակամայից խոստովանեց:
«Դա իմ ընկերությունը չի… «Շուշան եւ Շահնուր» ընկերությունն է, տնօրենը` Ա. Սեւանյան: Ես ուղակի հիմնադիր եմ, 33 փայատերն եմ»,-ասաց Շորժայի համայնքապետը, ավելացնելով, որ ընկերության 67 տոկոսի բաժնետերերն էլ կինն ու մայրն են:
Հարցին, թե ինչ սկզբունքով է ընկերությունը մասնակցում համայնքային շենքի կառուցման աշխատանքներին, համայնքապետը պատասխանեց` «սովորական պայմանագրով»:
Նա նշեց, որ այժմ համայնքապետարանը գործունեությունն իրականացնում է մի «խլամ» շենքում եւ ինքն է դիմել մարզպետարան, որ «Շուշան եւ Շահնուր» ընկերությունն իրականացնի շինարարական աշխատանքները: «Բա մերն է, ո՞վ իրականացնի, հո Վարդենիսից չե՞ն գալու իրականացնեն»,- ավելացրեց համայնքապետը:
Լուսանկարը՝ iLur.am-ի
‘