‘Շումախերին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք’

1198

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին տեղափոխել են  Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցի վերականգնողական բաժանմունք: Բժիշկներն ավտոարշավորդին նախապատրաստում են պրոցեդուրաների, որոնք թույլ կտան նրան դուրս բերել կոմայից, գրում է РИА Новости-ն ՝ հղում անելով գերմանական Bunte պարբերականին:

Հաղորդվում է, որ առողջացման հավանականությունը մեծ չէ, սակայն գերմանացի նշանավոր բժիշկ Քրիստոֆ Շպեխտայի խոսքով՝ «ժամանակ առ ժամանակ կարող են ինչ-որ դրական փոփոխություններ լինել, երբ հիվանդները երկար տարիներ կոմայի մեջ լինելուց հետո  դուրս են գալիս այդ վիճակից: Եւ որքան լավ ֆիզիկական վիճակում լինի հիվանդը, այնքան շանսերը մեծ են»,- ասել է նա:

Ապրիլին լուրեր հայտնվեցին Շումախերի առողջացման դրական տեղաշարժի մասին, որոնք հետագայում հերքվեցին:

117 օրվա ընթացքում, որ Շումախերը գտնվում է կոմայի մեջ, նա նիհարել է 20 կգ, ինչը լրջորեն մտահոգել է բժիշկներին: Նրանց խոսքով՝ կոմայի վիճակում քաշ կորցնելը նորմալ երևույթ է, բայց 20 կգ-ը շատ շատ է: Ավելի վաղ բժիշկները նաև մտավախություն էին հայտնել, որ արհեստական կոմայից դուրս գալով՝ Շումախերը կարող է ընկնել բնական կոմայի մեջ և ընդմիշտ մնալ բույսի վիճակում:

Հիշեցնենք, որ Շումախերը վնասվածք էր ստացել 2013 թ. Մերիբել լեռնադահուկային առողջարանում  դահուկ քշելիս: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Ջիհադականներն Իրաքում սպանում են առանց դատ ու դատաստանի’
Հաջորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-ավագն իր 90-ամյակը նշել է պարաշյուտով թռչելով (տեսանյութ)’