‘
Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը որոշում կկայացնի քաղաքացիական ակտիվիստ, «Նախախորհրդարանի» անդամ Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ: Նախաքննական մարմինը միջնորդել է կալանավորել Հարությունյանին:
Դատարանում գտնվող iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ դատարանի դիմաց, ի պաշտպանություն Դմիտրի Հարությունյանի, մի քանի տասնյակ մարդ է հավաքվել: Նրանց թվում են նաեւ անվանի շախմատային գրոսմայստերներ: «Շուրջ երկու տասնյակ գրոսմայստերների անունից խնդրագիր է ուղղվել դատարանին՝ միջնորդելով Հարությունյանի նկատմամբ կալանք չկիրառել: Շախմատիստները ակնկալում են, որ հայ գրոսմայստերների հաջողություններով հպարտացող իշխանությունները կընդառաջեն իրենց խնդրանքին»,- փոխանցեց մեր թղթակիցը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը, առանց բերման ենթարկելու որոշման, օգոստոսի լույս 31-ի գիշերը Գեղարքունիքի Արտանիշ ավանից բերման է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանին՝ ահաբեկելով նրա ընտանիքի անդամներին: Հարությունյանը վերջին շրջանում աչքի էր ընկել Կոմիտասի 5 հասցեում ընթացող շինարարության դեմ պայքարի ժամանակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն):
Քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ոստիկանության գործողությունների դեմ իրենց դիրքորոշումն են հայտնել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ այլք:
‘