‘Շուրջ 30 րոպե ադրբեջանական կողմը կրակել է Չինարի և Այգեձոր գյուղերի ուղղությամբ’

1071

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմն ու շուրջ 30 րոպե կրակ բացել Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր գյուղերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայկական զինված ուժերը պատասխանել են թշնամու կրակոցներին, և այժմ սահմանին կրկին իրավիճակը հանգիստ է: 

Չինարիի և Այգեձորի բնակիչներից «Արմենպրես»-ը տեղեկացել է, որ գյուղերում հիմնականում վնասվել են տանիքները: Չինարիում կոտրվել է մի քանի տան պատուհան, մի քանի փամփուշտ էլ ծակել է սահմանին մոտ գտնվող տներից մեկի խոհանոցը:

Գյուղացիները տեղեկացրել են, որ հիմնականում կրակել են ԴՇԿ-ից և բնակավայրերի ուղղությամբ: Նրանք նույնպես փաստեցին, որ կրակոցները դադարել են, սակայն փողոց դուրս գալ առայժմ բնակիչները չեն պատրաստվում:

Նախորդ հոդվածը‘Մարադոնայից ու Մաթեուսից մինչև Մեսսին ու Մյուլերը (տեսանյութեր, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ռուսական կողմի հայտարարությունը առնվազն «բեսպառդոն է»’