‘Շվեդուհիները հիջաբ են հագել՝ ի նշան բողոքի ընդդեմ բռնության’

1193

Շվեդիայի տասնյակ կանայք համացանցում հրապարակել են իրենց լուսանկարները, որտեղ նրանք հիջաբ են կրում: Այդ կերպ տարբեր հավատի կանայք իրենց համերաշխությունն են արտահայտել Ստոքհոլմում ծեծի ենթարկված հղի կնոջը, որի վրա հարձակվել էին այն բանի համար, որ նա հիջաբ է կրել:

Ինչպես հաղորդում են շվեդական թերթերը, միջադեպը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ ուշ երեկոյան Ստոքհոլմի արվարձաններից մեկում, որտեղ մեծ թվով ներգաղթյալներ են բնակվում: Անհայտ անձը վիրավորական խոսքերով հարձակվել է կնոջ վրա, պոկել նրա գլխաշորը և գլուխը հարվածել կայանած ավտոմեքենային: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել են գլխուղեղի ցնցում:

Ոստիկանությունը հետաքննություն է վարում: Շվեդական հեռուստատեսության փոխանցմամբ՝ քրեագետներին հաջողվել է ստանալ հարձակվողի ԴՆԹ-ի նմուշը:

«Հիջաբով բողոք» ակցիայի մասնակիցները նպատակ ունեն  ուշադրություն հրավիրել մուսուլման կանանց խնդիրների վրա, որոնք Շվեդիայում ենթարկվում են խտրականության: Երկրի արդարադատության նախարար Բեատրիս Ասքը հայտարարել է, որ նման հարձակումներին «պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ»: Ակնկալվում է, որ այսօր նախարարը հանդիպելու է բողոքի ակցիայի մասնակիցների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Պակիստանի նախկին նախագահին սպանության մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետ. Եգիպտոսի դեպքերի թիկունքում Իսրայելն է կանգնած’