‘Շտապ. Ադրբեջանը վերադարձնում է գերեվարված Մամիկոն Խոջոյանին’

1017

Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին այսօր կվերադարձնեն հայկական կողմին։ Այս մասին PanArmenian.net ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հարցով զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), ովքեր արդեն մեկնել են սահման։

Ավելի շուտ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետհանձնաժողովի մամուլի քարտուղար Շահին Սահիլովն ադրբեջանական APA-ին ասել էր, որ այսօր՝ մարտի 4-ին, պլանավորվում է Մամիկոն Խոջոյանին հետ վերադարձնել հայկական կողմին՝ նշելով, որ հարցով զբաղվում է ԿԽՄԿ-ն։

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր:

Բանակցություններ են տարվում նաև 2013-ի օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցով:

Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է 2013-ի օգոստոսի 8-ից, երբ չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: 

Նախորդ հոդվածը‘Հողաշերտի զանգվածը մասնակի փակել է ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘«Դեմ եմ» նախաձեռնությունը պիկետ կանցկացնի Ֆիննախի մոտ’