‘«Շրջանառության հարկի» թեմայով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ չի անցկացնի’

660

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ չի անցկացնի: Քիչ առաջ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում ավարտվեց «Շրջանառության հարկի» վերաբերյալ հրավիրված խորհրդակցությունը, որին մասնակցում էին Աժ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «Շրջանառության հարկի» մասին օրենքում վերջնական փոփոխությունների մասին օրինագիծը քննարկման դնել հաջորդ քառօրյային: Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ բոլոր 5 քաղաքական ոչ իշխանական ուժերը ունեն միասնական դիրքորոշում այս հարցի շուրջ, այն է՝ օրենքում ներդնել կամավորության սկզբունք:
Ռուբիկ Հակոբյանը նշեց նաեւ, որ, ըստ էության՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունելի է համարել այդ դրույթը, սակայն վերջնական դիրքորոշումը կհայտնի հետո:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ եթե պարզվի, որ քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ փորձում է ժամանակ ձգել, ապա ոչ իշխանական ուժերը արտահերթ կարգով կներկայցնեն օրենքը եւ գործող օրենքի դեմ բողոքող քաղաքացիների հետ միասին այլ քայլեր կմշակեն:

Նախորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել հեռանալ «Բորուսիայից» ամռանը, երբ կավարտվի մրցաշրջանը’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Մի ուրվական էր շրջում Բերձորում՝ Սերժ Սարգսյանի ուրվականը’