‘Շևչենկո. «Երեք թեկնածուներն էլ հաղթելու մեծ պոտենցիալ ունեն, բայց իմ ընտրությունը Նոյերի օգտին է»’

544

Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով 2004 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, կարծում է, որ այս տարի լավագույնի կոչմանը պետք է արժանանա Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ին հավակնում են Քրիստիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Մանուել Նոյերը: Հաղթողի անունը պարզ է դառնալու հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

««Ոսկե գնդակ» ստանալը մեծ նշանակություն ունի: Ֆուտբոլում սա գլխավոր անհատական մրցանակն է: Այս մրցանակը ստանալուն մի քանի անգամ շատ մոտ էի, իսկ երբ եկավ իմ ժամանակը, անչափ երջանիկ էի: Զգում էի, որ իրականություն է դարձել իմ երազանքներից մեկը: 

Ինձ համար ֆավորիտը Մանուել Նոյերն է, քանի որ հետևել եմ Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ նրա խաղին: Նա աշխարհի չեմպիոն հավաքականի կազմից է և ֆանտաստիկ է խաղացել: Նոյերը խաղում էր ոչ միայն որպես դարպասապահ, այլև որպես պաշտպան` մեծ դերակատարություն ունենալով պաշտպանության խաղում:

Ամեն դեպքում, կարծում եմ` Քրիստիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ևս մրցանակը ստանալու մեծ հնարավորություն ունեն: «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ Ռոնալդուն թիմի աստղն էր: Աշխարհի առաջնությունում Գերմանիան և Արգենտինան հիանալի եզրափակիչ անցկացրին: Մեսսիի համար հեշտ չէր, բայց, ըստ իս, նրա համար հրաշալի եզրափակիչ էր: Գուցե նա անհատապես չփայլեց, սակայն շատ օգնեց թիմին:

Երեք թեկնածուներն էլ հաղթելու մեծ պոտենցիալ ունեն, բայց իմ ընտրությունը Նոյերի օգտին է, քանի որ կարծում եմ` Գերմանիայի հավաքականում և «Բավարիայում» նա յուրահատուկ տարի է անցկացրել: Նա ֆանտաստիկ էր ամբողջ տարվա ընթացքում»,-Շևչենկոյի խոսքերը մեջբերված են ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘ Կառլես Պույոլ. «Ցանկանում եմ հայտարարել, որ որոշել եմ դադարեցնել իմ գործունեությունը «Բարսելոնա»-ի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները «Բարսելոնայի» պարտության համար մեղավոր են համարում Լուիս Էնրիկեին’