‘Ո՞վ է իրեն սպառել. Մոուրինյո՞ն, թե՞ Պերեսը’

1450

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Պատճառը «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած  տարաձայնություններն են, հայտնում է Marca պարբերականը, որը ի դեպ, հայտնի է իր ռեալամետ քաղաքականությամբ, եւ որը տեղյակ է լինում «Ռեալում» ներսում նույնիսկ ճանճի տզզոցներին՝ համարվելով ակումբի առաջին մունետիկը:

Պարբերականի տվյալներով, ակումբի ղեկավարությունը պորտուգալացի մասնագետի հետ եկել են համաձայնության, որ նրանց միջեւ համագործակցությունը կավարտվի 2013 թվականի ամռանը:

Ֆլորենտինո Պերեսի կարծիքով, Մուրինյոն իրեն սպառել է «Ռեալում»: Իր հերթին, Մոուրինյոն համաձայն չէ Պերեսի որոշ գործողություններից, որպես «Ռեալի» նախագահ:

Նշենք, որ Մոուրինյոն հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: Ավելի ճիշտ, լղոզված պատասխան է տվել, որը շատ հաճախ ընդունվում է որպես տեղեկության, թեկուզ մասնակի, հաստատում:

«Ես չեմ պատրաստվում դա մեկնաբանել: Մանրամասների համար դիմեք այդ լուրի հեղինակին: Նրա հետ ընթրիք կազմակերպեք, որտեղ այդ ամենի շուրջ կզրուցեք: Իսկ ես այդ թեմայով բառ անգամ չեմ ասի: Ես պարտավոր չեմ պատմել ակումբի նախագահի հետ իմ բանակցությունների մասին: Վստահ եմ, որ նա նույնպես այդպես է համարում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Բոլոր դեպքերում, փաստենք, որ եթե նույնիսկ Մոուրինյոյի հետ Պերեսը խնդիրներ ունի, ապա դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում «Ռեալի» անհաջողությունները կապված են առաջին հերթին Պերեսի գործունեության հետ, եւ անկախ նրանից, թե ով կփոխարինի Մոուրինյոյին, իրավիճակը «Ռեալում» կշարունակի մնալ նույնը: Վերջին 10 տարում Պերեսը բազմաթիվ տաղանդավոր մարզիչներ է հրավիրել «Ռեալ», բայց նրանցից ոչ ոք երկար չի մնացել ակումբում՝ Պերեսի պատճառով:

Հետեւաբար, ճիշտ կլինի ասել, որ իրեն սպառել է ոչ թե Մոուրինյոն, այլ՝ Պերեսը:

Նախորդ հոդվածը‘Հալեպում հայ կին է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Google-ը փոխել է իր լոգոտիպը «Կանդինսկու ոճով» (Լուսանկարներ)’