‘Ո՞րն էր Պարույր Հայրիկյանի վրա կրակելու դրդապատճառը. Ցուցմունք է տվել ամբաստանյալ Սամվել Հարությունյանը’

1449

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի գործով դատական նիստը: Դատարան ներկայացել է նաև գործով տուժող Պարույր Հայրիկյանը: 168.am-ը ներկայացնում է մանրամասներ այսօրվա դատական նիստից:

Դատական նիստի ընթացքում այսօր ցուցմունք է տվել գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանը:

Նա պատմել է, որ Վարդան Սեդրակյանին ծանոթ է վաղուց, 2011 թվականից աշխատում է նրա հետ, սակայն մի քանի անգամ Սեդրակյանն իրեն պայմանավորվածից պակաս է վճարել: Այդ իսկ պատճառով որոշել է «իրա հանդեպ վատություն անել»: Սկզբնական շրջանում ամբաստանյալը, որպես թիրախ, որոշել է ընտրել Վարդան Սեդրակյանի մտերիմներից մեկին, սակայն չի ստացվել, և որոշել են ընտրել այնպիսի մարդու, որ աղմուկ բարձրանա: Ամբաստանյալն ասել է, որ Պարույր Հայրիկյանի փոխարեն կարող էր ընտրվել մեկ այլ անձ, սակայն, քանի որ վերջինս ճանաչված մարդ է, և բարձրացած աղմուկն ավելի շատ կլիներ, ընտրվել է նա: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն ասել է նաև, որ պլանավորած գործողությունն իրականացնելուց հետո ինքը Վարդան Սեդրակյանից գումար պիտի պահանջեր. «Ասելու էի՝ գումարները տո՛ւր, թե չէ կասեմ՝ դու ես ասել»:

Ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հրաժարվել է պատասխանել դատավարության կողմերի հարցերին: Նա պատասխանել է միայն դատավոր Գագիկ Պողոսյանի մի քանի հարցերին: Պատասխանելով վերջինիս հարցին՝ նա ասել է, որ ինքը Հայրիկյանին վախեցնելու նպատակ չի ունեցել, ցանկացել է աղմուկ բարձրացնել: Դատավորի հարցին պատասխանելով՝ Սամվել Հարությունյանն ասել է, որ Վարդան Սեդրակյանն իրեն պարտք էր մոտ 5000 դոլար:

Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել է հրապարակել ամբաստանյալի նախաքննական բոլոր ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը: 

Նախորդ հոդվածը‘«ԱԿ-74», «Ֆ-1» նռնակ, ՌԳԴ-5» նռնակ, փամփուշտներ՝ Շախմատի տան մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մի շարք մարզպետարաններում հայտնաբերված են չարաշահումներ դիզվառելիքի բաշխման գործընթացում’