‘Ո՞րն է, բաբո, մեր ասելիք’

2598

1. Կորչի՛ ՀԱԿ-ը, Լևոնը չմիացավ:

Թարսի պես հենց կոնկրետ այս «թեմայով» ՀԱԿ-ն ուղղակի անխոցելի է: Ոչ մի մեկնաբանություն, ոչ մի որակում, պարզապես մի քանի փաստ շարենք իրար հետևից:

Ի՞նչ է արել ՀԱԿ-ը

ա) անմիջապես, ուղիղ և կոնկրետ՝ առանց այլևայլ ձևակերպումների, ճանաչել է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը,

բ) ողջ ակտիվով հենց փետրվարի 19-ից եղել է Ազատության հրապարակում,

գ) հակառակ ՀԱԿ-ի, նրա լիդերի և 2008-ի շարժման համակիրների նկատմամբ Րաֆֆի Հովհաննիսյանի շարունակական հարձակումներին՝ ՀԱԿ-ի ակտիվը հանդուրժողականության և միասնության կոչեր է արել, համաձայն չլինելով՝ լռել, կուլ տվել վիրավորանքը,

դ) չեղյալ է հայտարարել դեռևս ամիսներ առաջ հայտարարված հանրահավաքը՝ մարտի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ուժերը չջլատելու համար (և իր համախոհներին կոչ արել մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած միջոցառմանը),

ե) շարքերից առաջարկել են կոնկրետ ճանապարհներ և պատրաստակամություն հայտնել լծվել գործի: 

Ի՞նչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանը

ա) շարունակել է պարբերական ուղղակի կամ անուղղակի հարձակումները ՀԱԿ-ի, 2008-ի շարժման ու նրա առաջնորդի նկատմամբ,

բ) հանդիպել է դաշնակներին, Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանին ու ասել, թե թող Տեր-Պետրոսյանը (եթե կամենում է), ի՛նքը գա հրապարակ,

գ) հանրահավաք է նշանակել մարտի 1-ին՝ իմանալով, որ ամիսներ առաջ արդեն այդ օրն ընդդիմությունը հանրահավաք է նշանակել: Այնուհետև, տեղեկանալով, որ ՀԱԿ-ը չեղյալ է հայտարարել վաղօրոք նախատեսված հանարավաքը՝ կոչ անելով գնալ Րաֆֆու միտինգին՝ ուժերը չջլատելու համար, բռնել ու ինքն էլ չեղյալ է հայտարարել իր իսկ հրավիրած հավաքը՝ տապալելով մարտի 1-ին փաստացի միացյալ հանրահավաք անելու հնարավորությունը,

դ) իր լուման է ներդրել ՀՅԴ-ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» հնարավոր դաշինքով քաղաքապետի ընտրության գործը տապալելու գործում,

ե) այդպես էլ որևէ քաղաքական օրակարգ չի առաջարկել: Չի ձևակերպել ու սեղանի վրա որևէ կոնկրետ պահանջ, նպատակ չի դրել, որ մյուսներն էլ վերաբերմունք արտահայտելու հնարավորություն ունենային: Եղած առաջարկներից արձագանքել է միայն «պաշտոններ բաժանելու» առաջարկին,

զ) հայտարարել է հացադուլ և ասել, թե Սերժի երդումը կլինի միայն իր դիակի վրայով: Ինքն էլ պատրաստվում է երդվել, և արդեն պաշտոններ են բաժանում:

Ի՞նչ է ստացվել

ա) Պաշտոնապես 540 հազար քվե ստացած թեկնածուի հրավիրած հանրահավաքներն ավելի ու ավելի սակավամարդ են դարձել: Քվեարկությունից ընդամենը մեկ ամիս է անցել և արդեն հրապարակի կեսն անգամ չի լցվում,

բ) իրենց ռեժիմին ընդդիմություն հռչակած բոլոր ուժերը քաղաքապետի ընտրության գնում են առանձին-առանձին,

գ) Րաֆֆին (ու իր կողքինները) ի՛նքն է որոշում, թե ով ինչ վանկարկի ու չվանկարկի, ով մնա հրապարակում և ով չմնա (կամ ում իր հորդորով հանեն ոստիկանները),

դ) բարև «իշխանության երիտասարդ ներկայացուցիչների ողջամիտ հատված»…

2. Երևանի ավագանու «ընտրություն»

Ինչպե՞ս անել, որ 40%+1 ձայն ստանալով ստանաս 50%+1 ձայն և քո ցուցակի 1-ին համարը մեխանիկորեն դառնա քաղաքապետ: 4-5 տարի առաջ Դավիթ Հարությունյանը մտածել և գտել էր հնարը: Ըստ դրա (ՀՀ ԸՕ, հոդված 165, կետ 4), եթե որևէ կուսակցություն կամ դաշինք ստացնում է 40%+1 ձայն, ապա նրան 10%-ի բոնուս է տրվում (մեռնեմ օրենքին, «ժողովրդավարություն» է, հո խաղ ու պար չի՞):

Համաձայն ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական թվերի, Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին Երևանում ստացել է ձայների 43%-ը: Սա նշանակում է, որ եթե Րաֆֆին կարողանար նույնիսկ պաշտոնապես արձանագրվածը 2 ամիս պահել՝ ՀՀԿ-ական «ժողովրդավարությունը» կարող էր շուռ գալ ՀՀԿ-ի դեմ, և քաղաքապետ դառնար «Ժառանության» ցուցակի 1-ին համարը:

Իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց է տալիս սակայն, որ եթե Րաֆֆին կարողանա ընդամենը 1-2 ամիս հետո պահել իր օգտին պաշտոնապես արձանագրված ձայների գոնե կեսի կեսը, «Ժառանգությունում» դա պետք է մեծագույն բարեբախտություն համարեն:

Ցուցակների և շատ այլ բաների մասին դեռ կարելի է խոսել, բայց երևի արժե սպասել մինչև ապրիլի 9, երբ պարոն Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը:

Ռաֆայել Թեյմուրազյան 

Նախորդ հոդվածը‘Արոնյանը հաղթեց Ռաջաբովին’
Հաջորդ հոդվածը‘Կիկոսը վերադարձավ (Ֆոտոշարք)’