‘
Արմենի հայրենիքն այս գրքում Մայրենիք է: Ուրիշ է Մայրենիքը: Գուցե մեր երազանքների հայրենի՞քն է: Հայրենիքը շուտով իր անկախության 25-ամյակն է տոնում: Բայց դեռ շատ մաքառումներ ունի այդ ճանապարհին, դժվարություններն էլ են դեռ շատ, լիակատար անկախությունն էլ է դեռ կիսատ: Իսկ Մայրենիքը գուցե իրապես ազատ է ու անկախ: Այնպիսին, ինչպիսին կուզենայինք, որ լիներ հիմա, հենց այս պահի հայրենիքը:
Արմենի գրիչը զրուցակից է, ասես` մի-մի բաժակ գինի խմած լինեք` դու եւ նրա տողերը, եւ տողերը զրուցում են քեզ հետ՝ այնպես, ինչպես չէին խոսի, եթե մի բաժակ գինին չլիներ: Արմենը թեթեւ է խոսում, նույնիսկ բարդ հարցերի մասին, այնքան թեթեւ, որ չես էլ հասցնում հասկանալ, թե ինչպես երկար զրույցն ընթացավ ու ավարտվեց: Ասում-խոսում է հավեսով, սրտալի:
Եւ կարեւոր չէ, թե ինչի մասին են խոսում նրա տողերը:
Այսօր` անկախության մասին, երեկ` անցյալի մասին էին մտորում, թե բա պատկերացրեք` ի՞նչ կլիներ, եթե այսօր, հենց հիմա Թուրքիան մեզ զիջեր Արեւմտյան Հայաստանը` իր ներկայիս բնակչությամբ` մի քանի միլիոն քրդերով հանդերձ: Ի՞նչ էինք անելու: Եւ անկախության տոնի 25-ամյակին ընդառաջ սկսում ես մտածել` իրոք, ի՞նչ էինք անելու:
Ինքն, իհարկե, իր տարբերակներն է առաջարկում, թեթեւ զրուցելով, չբռնանալով, չհավակնելով լինել վերջին ճշմարտության դրոշակակիրը լինելուն: Բայց այնպես է այդ հարցը հնչեցնում, որ դրա շուրջը մտորելը դառնում է թեթեւ խաղի նման մի բան: Եւ մտորելուց ոչ թե մեր բազմադարյա ցավն ու տառապանքն ենք հերթական անգամ հիշում եւ լաց լինում, այլ նայում ենք պետականության դիրքերից` ունենա՞լ, թե՞ չունենալ, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:
Այսօր Արմեն Հայաստանցու «Մայրենիք. Դրոշ» եռագրության առաջին հատորի շնորհանդեսն էր: «Անտարես»-ն է հրատարակել: Ու քանի որ դեռ երկու հատոր էլ իրենց հերթին են սպասում, ինչպես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ նշանակում է, Հայաստանցու հետ համագործակցությունը դեռ մի երկու տարի էլ շարունակվելու է:
Զավեն Բոյաջյանն էլ խոսեց: Անաչառ: Ինչպես միշտ: Ասաց, որ Հայաստանցին ամեն դեպքում առանձնանում է իր ժամանակակիցներից: Բայց ես, որ անկեղծ լինեմ, այնքան շատ էի կարոտել ժամանակին Հանրայինով եթեր հեռարձակվող իմ մանկության ամենասիրելի հաղորդումը` «81/2»-ը, որ երբ նա խոսում էր, ինձ անընդհատ թվում էր, թե հաղորդումն եմ նորից լսում, եւ պահի տակ խառնվում էին Հայաստանցին ու «81/2»-ը:
Չգիտեմ` տարիներ հետո ով կլինի Արմեն Հայաստանցին: Բայց մեկ-մեկ մտածում եմ, որ գուցե տարիներ անց բախտ կունենամ հպարտությամբ նշելու, որ ես այն մարդկանցից եմ, որը Հայաստանցու ընկերն էր դեռ այն ժամանակվանից, երբ ինքը հայտնի գրող չէր, այն մարդը, ում ճակատն է համբուրել Հայաստանցին:
Կուզենայի, որ այդպես լիներ:
Առաջ չընկնեմ, սակայն: Մի օր մնաց մինչեւ 25-ամյակը: Հայրենիքի անկախության: Կամ գուցե՝ Մայրենիքի՞: Ո՞վ գիտե: Կարեւորը, որ անկախությունը փայփայենք այնպես, որ եռանիշ ու քառանիշ թվերով էլ ամյակներ նշել կարողանանք, եւ որ գրողները շատ լինեն, որ հայաստանցին ե՛ւ Հայաստանինը լինի, ե՛ւ` աշխարհինը:
Հ.Գ. Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Մայրենիք. Դրոշ»-ն Արմեն Հայաստանցու և «Անտարես» հրատարակչության երկրորդ համագործակցությունն է «Կիկոսի վերադարձը» պատմվածքների անդրանիկ ժողովածուից հետո: Հեղինակի երկու գրքերն էլ հրապարակվել են «XXI» մատենաշարով, որը տպագրում է բացառապես 21-րդ դարի հայ արձակի արժանավոր գործեր:
«Մայրենիք» եռագրության առաջին վեպը՝ «Դրոշը», գրված է հրապարակախոսության, կինոսցենարի, պոետիկ արձակի ոճական համադրության սկզբունքով: Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորման միջոցով հեղինակը փորձում է գեղարվեստականորեն ներկայացնել ներկայիս հայկական իրականությունը և այդ իրականության պայմաններում երջանկություն որոնող երեք երիտասարդների: Երբ երեքից մեկը բանակից չի վերադառնում, մյուսները կանգնում են կյանքի համար շրջադարձային որոշման առաջ՝ գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում:
Քրիստինե Խանումյան
‘