‘Ո՞ր չինովնիկի համար է քաղաքապետարանը ծածուկ պահել աճուրդի ենթակա հողերի ցանկը ‘

869

Քաղաքապետարանի Yerevan.am կայքի «Հայտարարություններ» բաժնի «Հողամասերի աճուրդներ» ենթաբաժնում նոյեմբերի 19-ին հայտարարություն էր տեղադրվել, որը, սակայն, կարճ ժամանակ անց հանվել էր: Մինչև մի քանի ժամ առաջ կայքի այդ բաժնում վերջին հայտարարությունը թվագրված էր նոյեմբերի 14-ով: Երբ iLur.am-ի թղթակիցը զանգել էր քաղաքապետարան պարզելու, թե ինչո՞ւ է հայտարարությունը հանվել, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը ասել էր, թե  որևէ հայտարարություն կայքից չի հանվել, այն կամ արխիվացվել է, կամ «հետ համար է անցել»:

Yerevan.am կայքի աշխատակից Մերի Մարկոսյանն էլ պնդել էր, որ այն ոչ միայն չի հանվել, այլ որ առհասարակ, նոյեմբերի 19-ին որևէ հայտարարություն կայքում չի տեղադրվել:

\"\"

Սակայն, ամենաուշագրավը սկսվել է դրանից հետո: Մինչ մենք թողարկման էինք պատրաստում լուրը, կայքում նորից հայտնվել է նոյեմբերի 19-ով թվագրված աճուրդների մասին հայտարարությունը:

Այդ հայտարարության մեջ նշված հողատարածքների աճուրդը կկայանա դեկտեմբերի 17-ին: Աճուրդի մասին հայտարարությունը սովորաբար քաղաքապետարանի կայքում տեղարվում է մեկ ամիս առաջ: Բայց այսօր մեր թղթակցի հետ զրույցում Մերի Մարկոսյանը այսօր հայտարարել էր, թե նոյեմբերի 19-ին կայքում հայտարարություն չի դրվել: Բայց չէ՞ որ աճուրդը կայանալու է, այն էլ՝ դեկտեմբերի 17-ին, ինչպե՞ս կարող էր մեկ ամիս առաջ այդ մասին հայտարարություն չլիներ: Հայտարարությունն, իրականում, իհարկե, եղել է: Սակայն կարճ ժամանակ անց հանվել է: Ու այսօր այն նորից հայտնվել է քաղաքապետարանի կայքում միայն մի պատճառով, քանի որ լրագրողները հետաքրքրվել են այդ հայտարարության ճակատագրով: Իսկ թե ինչո՞ւ է աճուրդի մասին հայտարարությունը կայքից հանվել, ավելի հետաքրքիր թեմա է: Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ աճուրդի հանված տարածքների ցանկում կան այնպիսի տարածքներ, որոնք ցանկանում են ձեռք բերել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ու որպեսզի այն գնելու այլ ցանկացողներ չլինեն, հայտարարությունն ուղղակի հանվել է, որպեսզի աճուրդին մասնակցեն միայն այդ անձինք, այսինքն, աճուրդ որպես այդպիսին չլինի, և իրենք այդ տարածքները ձեռք բերեն էժան գներով: Իսկ քաղաքապետարանն էլ, թերևս, ընդամենը կատարել է այդ պաշտոնյաների համար էժան գնով հողատարածքներ ապահովելու ֆունկցիան: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Բելգիայում նոր հակաիսլամական ֆիլմի պատճառով բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի աստիճանը’
Հաջորդ հոդվածը‘Ընթանում է Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմինների ճանաչման գործընթացը’