‘Ո՞ւմ էր այսօր ջղայնացնում Սերժ Սարգսյանը (տեսանյութ)’

3913

Այսօր առավոտից ամբողջ քաղաքի կենտրոնը փակ է երթևեկության համար, այդ թվում՝ Մոսկովյան, Սայաթ-Նովա, Թումանյան փողոցները, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները:

Քանի որ, ինչպես ոստիկանությությունը, այնպես էլ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը թաքուն էին պահում, թե ինչու է սահմանափակվել երթևեկությունը, քաղաքացիները ենթադրություններ էին անում: Սակայն բոլորը միակարծիք էին, որ քաղաքի կենտրոնի երթևեկության կաթվածահար լինելը կապված է ապրիլի 9-ին նշանակված Սերժ Սարգսյանի երդման արարողության հետ:

Եվ քաղաքացիները իրավացի էին:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է iLur.am-ի թղթակիցը՝ Սահմանադրական դատարանից՝ Սահմանադրությունն, իսկ Մատենադարանից՝ Աստվածաշունչը ուղեկցվում էին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիր, որտեղ նախատեսված է իրականացնել Սերժ Սարգսյանի երդման արարողությունը:

Անմիջապես հետո ընթանում էր ավտոմեքենա, որտեղ նստած էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ու ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը:

Այժմ Երևանի երկնքում մի քանի ուղղաթիռ է պտտվում:

Հարյուրավոր երևանցիների համար անհարմարություններ ստեղծելով՝ դրոշը, սահմանադրությունը և աստվածաշունչը՝ Պետրոսյանի և Կճոյանի հետ միասին ապահով հասցվեցին ՄՀՀ: Եթե դրոշը, սահմանադրությունը և աստվածաշունչը պետք է մնան համալիրում մինչև ապրիլի 9-ը, ապա Պետրոսյանի և Կճոյանի հետագա ճակատագիրը՝ այս պահի դրությամբ անհայտ են:

Անհասկանալի է նաև, երեկ գիշերվանից իրականացվող օպերացիան միտում ուներ ջղայնացնելու Երևանի բնակիչների՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՞ բոլորին միասին, քանի որ ինչպես ցույց տվեցին նախագահական վերջին ընտրությունները՝ Երևանում Սերժ Սարգսյանին, մեղմ ասած, այնքան էլ չեն համակրում:

Հարություն Գևորգյան

Թեմայի շարունակությունը՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘«Սպարտակի» ֆուտբոլիստների ավտոբուսը վթարի է ենթարկվել. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության կանոնադրության նախագիծը’