«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Հրապարակ» թերթում հանդես է եկել մի «հոդվածով», վերնագրված՝ «Հայաստանի դեմ դավադրությունը սկսվել է 1996-ից»։ «Հոդված» բառը չակերտում ենք, քանի որ այս բառն ստեղծված է շատ թե քիչ բանական, փաստարկված տեքստերի համար։ Նման տեքստերի կամ երեւույթի համար, երբ ամեն ինչ մոգոնված, հորինված է, օգտագործում են «հերյուրագիր», «զրպարտագիր» կամ ավելի խիստ բառ, որ դեռ գոյություն չունի։
Ըստ Մակեյանի՝ «Հայաստանի դեմ դավադրության» հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ սկսած 1995-1996 թվականներից, որպես գաղտնի գործակից ունենալով այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանին, իսկ նրանից հետո՝ Ն. Փաշինյանին։
Ընդհանրապես, ծայրից ծայր հորինած նման հերյուրանքներին բովանդակային առումով իմաստ չունի անգամ անդրադառնալ։
Բայց արժե մի քանի ՓԱՍՏ արձանագրել՝ քստմնելի այս երեւույթը հասկանալու, դրա տարածումը խոչընդոտելու հույսով, անկախ այն բանից, թե ով կլինի դրա թիրախը։
- 2007 թվականի աշնանից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական նախագահական ընտրությունների մասնակցելու հայտ ներկայացրեց, Պ. Մակեյանն իր կուսակցությամբ առաջիններից մեկն էր այն երկու տասնյակից ավելի քաղաքական ուժերի մեջ, որ նրա կողքին կանգնեց, դարձավ ամենաակտիվ պաշտպանը (եւ դա՝ 4-5 տարի)։
- Հաջորդ՝ նախընտրական ամիսներին Մակեյանի ակտիվությունը միայն բազմապատկվեց, 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ, բնականաբար, նա նաեւ Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր։
- Ետընտրական օրերին Մակեյանը Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի հանրահավաքների ու ցույցերի կազմակերպիչներից էր ու դարձյալ առաջին շարքերում։ Իշխանությունը, մինչեւ իր գործած Մարտիմեկյան ոճիրը, տարբեր առիթներով ձերբակալեց Շարժման մի քանի առանցքային ու իր համար վտանգավոր համարած գործիչների։ Գուցե հենց իր գերակտիվության համար է, որ դեռ փետրվարի 25-ին ձերբակալվեց նաեւ Պ. Մակեյանը։
- Նա դարձավ Շարժման հարյուրից ավելի քաղբանտարկյալներից մեկը եւ մոտ մեկուկես տարի անցկացրեց անազատության մեջ։
- Մակեյանը ի սկզբանե Համաժողովրդական շարժման քաղաքական կառույց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ էր (տե՛ս նրա կենսագրությունը «Վիքիպեդիայում)։ Բանտից ազատվելուց հետո անձամբ ինքն էր Կոնգրեսի ղեկավար մարմնում՝ «Կենտրոնական գրասենյակում» ներկայացնում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ 2012 թ. պատգամավորության թեկնածու էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակով։
Հիմա ավելի քան բնական հարց.
Իմանալով, որ «Հայաստանի դեմ դավադրությունը սկսվել է 1996-ից», այդ «դավադրության» կազմակերպիչ, իսկ հետագա տարիներին ու մինչեւ այսօր (ըստ Մակեյանի) դրա ուղղորդող ու ոգեշնչող համարելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպե՞ս է ինքը, առնվազն 4-5 տարի, այդքան ինքնամոռաց ու նվիրված պաշտպանել նրան։
Եւս երեք այլ ՓԱՍՏ-արձանագրում.
- Երբ 1999 թ. փակվեց Փաշինյանի հրապարակած «Օրագիր» թերթը, Պ. Մակեյանը իր պատրաստի՝ պետռեգիստրում գրանցված, բայց այդ պահին չհրապարակվող «Հայկական ժամանակը» նրան նվիրեց։
- «2010 թ. հունվար ամսին ԱԺ լրացուցիչ ընտրություններին Մակեյանը Նիկոլ Փաշինյանի վստահված անձն է եղել, որպես այդպիսին հարձակման է ենթարկվել շուրջ երեք տասնյակ իշխանական վարձկանների կողմից, բայց քրեական գործ է հարուցվել Մակեյանի և իր կուսակիցների վրա»։
- «2018 թ. Մակեյանը համակարգելով «Հանուն Հայաստան պետության ճակատը», համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ, ակտիվ մասնակցություն և լուրջ դերակատարում ունեցավ հեղափոխության հաղթանակի գործում»։
(Վերջին երկու տեղեկությունները քաղում ենք նրա պաշտոնական կենսագրությունից)
Այսինքն՝ Պ. Մակեյանը ավելի քան 20 տարի ծանրակշիռ օժանդակություն է ցուցաբերել Ն. Փաշինյանին, ուստիեւ վերջինս նույնքան ծանրակշիռ պարտք ուներ նրա նկատմամբ։ Եւ, այդուամենայնիվ, Փաշինյանի իշխանության մեջ նա որեւէ պաշտոն չստացավ։ Շատ ավելի պակաս դերակատարում ունեցողներ, անգամ որեւէ դերակատարում չունեցողներ՝ ստացան, ինքը՝ չստացավ։
Սրա բացատրությունը թողնենք հոգեբաններին, հիշենք միայն, որ հազվադեպորեն էկզոտիկ այս որակը, որպես առաջնային հատկանիշ, ցայտուն արտահայտված էր մեկ էլ Ռ. Քոչարյանի «մարդկային» կերպարում. վրեժխնդիր լինել ոչ միայն «մանկապարտեզից սկսած» իրեն «նեղացնողներից», այլ նաեւ հատկապես նրանցից, ովքեր իրեն երբեւէ լավություն էին արել, եւ ինքը նրանց պարտք էր մնացել։ Նման նույնություն կարող է գրանցվել, թերեւս, միայն գենային մակարդակում։
Ավելացնենք, որ Մակեյանը, կրկնելով հայտնի մարդկանց, Փաշինյանին համարում է Լեւոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակը»։ Փաշինյանի «կենդանի շփումները» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սկսվել են 2007 թ. սեպտեմբերի վերջից։ 2008-ի մարտի 2-ից նա ընդհատակում էր, ապա բանտարկված մինչեւ 2011 թ. մայիսի վերջը։ Նույն՝ 2011 թ. նոյեմբերի 25-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի «քաղաքագիտական վերլուծությունից» (ԲՀԿ-ի հետ համագործակցության ծրագրից) հետո Փաշինյանը չընդունեց այն եւ «կենդանի շփումները», ըստ էության, դադարեցին (թեեւ նա մնաց Կոնգրեսում եւ 2012 թ. մայիսին նրա ցուցակով պատգամավոր դարձավ)։ Այսինքն՝ ամիսներով իրար գումարած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նրա կապը մեկ տարուց ավելին չէ։ Մինչդեռ Պ. Մակեյանը նրան ակտիվ օժանդակել է ավելի քան 20 տարի։ Հիմա ո՞ւմ հոգեզավակն է Փաշինյանը։
Իսկ այժմ հարց՝ հենված վերը թվարկված երեք ու հատկապես հետեւյալ 4-րդ փաստի վրա.
Մակեյանի «բացահայտած»՝ Հայաստանի դեմ դավադրության մեջ երեք հոգի են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը եւ Ն. Փաշինյանը։ Ռ. Քոչարյանը (ում դեմ ժամանակին հատկապես պայքարել է Մակեյանը) «այս գործում» չկա»…
Ինչո՞ւ…
Այս «ինչու»–ի եւ մեր հոդվածի վերնագրում (Ո՞ւմ պատվերն է կատարում Պետրոս Մակեյանը) դրված հարցականի պատասխանները տրամաբանության հարթության վրա նույնանում են, թելադրում նույն եզրահանգումը։ Իսկ տրամաբանական եզրահանգումը, երբ դրա հիմքում միմիայն արձանագրված փաստեր են դրված, նույնպիսի փաստի ուժ է ստանում։
Այն, ինչ մոգոնել-հերյուրել է Պ. Մակեյանը, այդպես գրում են միայն պատվերի դեպքում։ Այսպես վարվում են՝ թքած ունենալով սեփական անցյալի, սեփական կենսագրության, սեփական անձի, մարդկային, էլ չասած՝ քաղաքական արժանապատվության վրա։
Այդպես քաղաքական ինքնասպանություն են գործում։
Եւ հանուն ինչի՞…
Հ.Գ. Խառը զգացումներով գրեցի. Մակեյանը հերթական զոհն է քաղաքական դաշտի ու քաղաքական երեւույթի շարունակվող այլասերման ու այլանդակման։
Հ.Գ. 2. Հոդվածը ավարտելուց հետո տեսա Պ. Մակեյանի երկրորդ հոդվածը նույն «Հրապարակում» ու համոզվեցի, որ իմ եզրահանգումը պատվիրատուի մասով ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ է։
Աշոտ Սարգսյան