‘Ո՞ւր ենք գնում այսպես. Aravot.am ‘

2258

Լույս է տեսել պատմաբան Աշոտ Սարգսյանի «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը (1988-1998թթ.)» գրքույկը: Անհնար է չհամաձայնել հեղինակի այն դիտարկմանը, թե՝ «…պատմությունը ոչ միայն ակադեմիական գիտություն, ժամանցի նյութ, հիշողության մատյան, այլեւ, առաջին հերթին՝ հենց ներկայի վրա ազդող ակտիվ քաղաքական գործոն է…» (էջ 101): Կավելացնեի՝ վաղվա օրը նախապատրաստող, արժեքներ ուղենշող գործոն է: Շատերը, ովքեր տանը ուսանող չունեն, գուցեեւ երբեւէ չիմանային, թե Հայաստանում վաղն ինչպիսի հասարակություն է սպասվում՝ ի՛նչ արժեքային համակարգով, եթե այս գրքույկից չտեղեկանային այն շանթահարիչ մոտեցմանը, որոնք «Հայոց պատմության» բուհական դասագրքից մեջբերել ու քննել է հեղինակը: Մեջբերված հատվածներից պարզապես ցնցվել կարելի է. մի՞թե թույլատրելի է ազգի սերուցք նկատվող ապագա մտավորականին՝ դեռեւս կենդանի իմ սերնդակիցների աչքի առջեւ կատարված իրադարձությունները ներկայացնել ժամանակային աճպարարական տեղաշարժերի, պատմական համառոտ փաստաթուղթը (ասենք՝ Հայաստանի անկախության հռչակագիրը) մեջբերելու փոխարեն՝ նրան չեղած բաներ վերագրելու եւ այլ նմանատիպ միջոցներով: Գեղջկական հաստակողությամբ արված այսպիսի կեղծիքները շատ են, որոնք գիտնականի բարեխղճությամբ հատ-հատ ներկայացնում է Ա. Սարգսյանը՝ անառարկելի վկայակոչումներով փաստարկելով հակառակը: Կեղծիքներ արվել են բոլոր ժամանակներում, եւ արվում են. սա դեռ չարյաց փոքրագույնն է, եթե, իհարկե, գիտականության դեմ կատարվող հանցագործությունը կարելի է փոքրագույն կոչել: Առավել նողկալի է ապագա մտավորականի վրա հոգեբանական մանիպուլյացիոն գրոհ կատարելը: Սա արդեն գեղջկական զինանոցի մեկ այլ բաժնից է, որ կոչվում է խորամանկություն: Մեր ազգային ողբերգություններից է, երբ խելացիությունը շփոթում ենք խորամանկության հետ: Օրինակ՝ ընդամենը մեկ բառի հավելմամբ դասագրքի հեղինակները փորձել են անվստահություն, թերարժեքություն սերմանել պետական հիմնային արժեքներից մեկի՝ Սահմանադրության հանդեպ (էջ 78-80):

Վստահ եմ՝ այդ հեղինակներն իրենք, ի տարբերություն ինձ, 1995-ին կողմ են քվեարկել Սահմանադրությանը, քանի որ խորհրդային կուլտուրոլոգիայով տաշված պատեհապաշտությունն է նրանց էությունը: Իսկ դասագրքի գրության ժամանակ արդեն պետք էր ծառայել նոր տերերին, հարմարվել նոր իրավիճակին, նոր հաց ու զվարճանք ստանալ. նողկալի հարմարվողականություն, որն իբր մերժել էինք 1700 տարի առաջ, երբ ընդունել էինք նույն այդ փորձություններն անապատում հաղթահարածի հավատքը: Մի՞թե կարելի է խոսել Ղարաբաղյան շարժման մասին՝ մեկ առ մեկ չհիշատակելով «Ղարաբաղ» կոմիտեի սակավաթիվ անդամներին՝ թեկուզ իրենց ծանր լույսով ու գրեթե նույնքան ծանր ստվերով: Սա արդեն երկնքի ու երկրի առջեւ հանցանքներից ամենամեծն է, որ կոչվում է ուրացում: Կամ՝ մի՞թե կարելի է ուրանալ նրանց, ում ղեկավարությամբ բերվեցին արցախյան ճակատամարտի հաղթանակն ու պարտության վերածվող այս դողդոջ, բայց օրհնյալ խաղաղությունը: Կարելի է վիճել, անգամ՝ անզիջում պատերազմել հաղթանակի ու խաղաղության գնի շուրջ, մեթոդների շուրջ, արդյունավետության շուրջ, բայց ուրանալ՝ Հուդա դառնալ, չէի ցանկանա անգամ թշնամիներին: Արդյո՞ք արդյունավետ կամ ճիշտ էր, երբ համատարած մուղդուսիների մեջ զլանում էինք տեսնել մյասնիկյաններին, կամ՝ արդյո՞ք արդյունավետ կամ ճիշտ է, երբ հատուկենտ մյասնիկյանների մեջ զլանում ենք տեսնել համատարած մուղդուսիությունը՝ տարածությունների ու ժամանակների միջով մեր բաժին փամփուշտն արձակելով անգերեզման Բակունցի քունքին: Արդյո՞ք արդյունավետ կամ ճիշտ է լինելու, երբ վաղը լայնածավալ ավերման ու մարտիմեկյան զոհերի մեջ զլանանք տեսնել Սելիմի լեռնանցքը կամ իրանական գազամուղը: Մի՞թե հաջորդները չեն տարակուսի, երբ համաշխարհային հռչակի տեր գիտնականների ու արվեստագետների աճյունների փոխարեն Կոմիտասի Պանթեոնում տեսնեն գիտությունից ու արվեստից հեռու քաղաքական գործիչների, ինչպես մեկ անգամ նշվել է, էտրուսկյան դամբարաններ, այն դեպքում, երբ պետական երեւելի այրերին արժանի պետական Պանթեոն չունի արդեն քառորդդարյա մեր պետությունը: Իսկ եթե հաջորդները չտարակուսեցին, ուրեմն ողբերգությունը կատարյալ է՝ ներկաները հասել են իրենց նպատակին՝ ստեղծելով արժեքային այն քաոսը, որը գերեզմանափորն է ցանկացած ազգի: Աստծունն՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին: Թե՞ արդեն հրաժարվել ենք այն ամենից, «ինչ որ դարերով երկնել է, ծնել մեր խորունկ հոգին Հայոց լեռներում» կամ, ինչպես եվրոպաներից հիասթափված արժանահիշատակ ոմն մեկն էր հոխորտում, փնտրել ու գտել ենք մեր տեղն այնտեղ, ուր պատմության ընթացքում մեզ ո՛չ տեսել են եւ ո՛չ սպասել: 

Միքայել Հայրապետեան

Ամբողջական հոդվածը` այստեղ

Նախորդ հոդվածը‘Որոշ դիտարկումներ հանրաքվեի անցկացման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Հյումելս. «Թող մեզ բաժին հասնի հնարավոր տարբերակներից լավագույն թիմը»’