‘«Ողբա՛մ զքեզ, Հայո՛ց Աշխարհ, զի նախագահ քո ապիկար է եւ հայրենադավ»’

5977

Հայ Ազգային Կոնգրեսի վերլուծական կենտրոն

Աշոտ Սարգսյան

 

Սփյուռքահայ գործիչ, գրող ու հրապարակախոս Թորգոմ Փոստաճյանը վերջերս Կալիֆորնիայում հրապարակել է «Պատմութիւն Հայաստանի Հանրապետութեան վերջին տասնըհինգ տարիներու (1998-2013)» վերնագրով գիրքը։

(Հեղինակի մասին. Ցեղասպանությունից փրկված որբերի զավակ է։ Ծնվել է Թուրքիայում, ապա ընտանիքով տեղափոխվել Սիրիա։ Սովորել է Անթիլիասի դպրեվանքում, դարձել նշանավոր հայագետ, Անթիլիասի կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի գավազանակիրը։ 1950 թվականից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրում է առ այսօր։ Վարել է կրթական եւ ազգային պաշտոններ։ Աշխատակցել է հայկական մամուլին գրական, քննադատական, հրապարակախոսական հոդվածներով։ Զբաղվել է բարեգործությամբ, Հայաստանում միջնակարգ դպրոց կա նրա անունով։ 1993 թվականից եղել է Լոս Անջելեսի հայ գրողների միության նախագահը)։

Թորգոմ Փոստաճյանը սփյուռքահայ այն գործիչներից է, ում համար Հայաստանը ոչ թե սոսկ պատմական հայրենիք է, որին պետք է սիրել հեռվից, այլ պետություն ու ժողովուրդ՝ իր խնդիրներով, որի այսօրվա հոգսերն ու ճակատագիրն են առաջնայինը. «Կարելի չէ ըլլալ հայ մարդ եւ չտառապիլ մեր հայրենիքի ներկա դժխեմ ճակատագրով…» (էջ 86)։ Այս ելակետով առաջնորդվելով է, որ գրքի հեղինակը կենտրոնանում է հիշյալ տարիների ոչ թե ամբողջական քաղաքական պատմության, այլ կարեւոր համարած այն իրադարձությունների եւ երեւույթների վրա, որոնք առավել վտանգաշատ է համարում Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի վիճակի եւ ազգային անվտանգության առումով։ Ըստ այդմ էլ՝ գրքում արծարծվող հիմնական թեմաներն են.

1999 թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԵՎ ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հեղինակը համեմատում է 1915թ. ապրիլի 24-ին Թուրքիայում հայ մտավորականության կոտորածի հետ. «Ազգադավ այս ոճրագործությունը հար եւ նման էր հայատյաց այն սպանդին, որ 1915 թվին թուրք իթթիհաթականները գործադրեցին հայ մտավորականության վրա՝ Ցեղասպանության նախօրյակին» (էջ 9)։ Հենց այդ պատճառով էլ սա բնութագրում է որպես «թրքատիպ ոճրագործություն մը, այն ալ՝ հայու ձեռքով» (նույն տեղում)։

Ձեռքի տակ ունենալով ոչ բազմաթիվ, սակայն կարեւոր փաստական տեղեկություններ ու վկայություններ՝ նա մի քանի տեղ իր հստակ համոզումն է հայտնում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրական հեղինակների, կազմակերպիչների մասով՝ որպես այդպիսիք նշելով Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին (էջ 10, 35), ապա, մի առիթով՝ դրանց ավելացնելով նաեւ Հրանտ Մարգարյանի անունը (էջ 100-102)։ Որպես իր համոզմունքի հիմնավորումներ՝ նա ներկայացնում է ժամանակի մամուլից քաղած հետեւյալ փաստական հիմքերը.

Ա) «Կյանքի վերջին օրերին Վազգեն Սարգսյանը իր մտերիմ ընկերների շրջապատում բազմիցս հայտարարել էր, որ նոր տարուց հետո Քոչարյանին պարտադրելու է հրաժարական տալ եւ Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրելու Կարեն Դեմիրճյանին», մի լուր, որ, ենթադրաբար, հասել էր Ռ. Քոչարյանին (էջ 13)։

Բ) «Երեւանի մեջ կատարված մամուլի ասուլիսի մը ընթացքին նախկին փոխնախարար եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյան հետեւյալ վկայությունը տված է 2003-ին. «Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյան, իմ ներկայությամբ, 1999թ. հոկտեմբերի 30-ի գիշերը հայտարարեց հետեւյալը. «Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է։ Չգնաք Զեյթուն, իմ ընտանիքին ձեռք չտաք»։ Հայհոյում էր Ռ. Քոչարյանին եւ նրա ընտանիքի անդամներին» (էջ 15 եւ 32)»։

Գ) «Նույն եւ նման մեղադրանք մըն ալ կատարած է Մուշեղ Սաղաթելյան», ինչի համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման (էջ 17 եւ 29)։

Դ) Նախաքննության եւ դատավարության փուլերում, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվելով, հօգուտ հանցագործների ու կասկածյալների կատարվել են դատավարական կանոնների խախտման փաստեր, տեղի է ունեցել հովանավորչություն եւ այլն (տես էջ 34)։

Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, նրա կարծիքով, կարողացան իշխել միայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ (տես էջ 143):

Ձեռքի տակ եղած նյութերից, կարեւոր համարելով, հեղինակը ընդարձակ մի փաստաթուղթ է ամբողջությամբ հրապարակում, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը վերաբերող մի թռուցիկ է՝ «Կը գա հատուցման օրը» վերնագրով, որ ինչ-որ ժամանակ (թվագրված չէ) տարածված է եղել «Հոկտեմբերի 27-ի վրիժառու» ստորագրությամբ» (էջ 36-44)։

Հեղինակը համոզված է, որ կազմակերպիչների մասով ամեն ինչ սկզբից եւեթ շատ հստակ էր, սակայն Ռ. Քոչարյանին հաջողվեց մեղմել իր դեմ ծառացած ցասումը եւ իրավիճակից դուրս գալ «հնարամտությամբ մը»՝ Վազգեն Սարգսյանի փոխարեն վարչապետ նշանակելով նրա եղբորը՝ Արամ Սարգսյանին (էջ 14)։ Նա համարում է նաեւ, որ 1998-ից մինչեւ 2003թ. Ռ. Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը համատեղ իրականացրել են ավելի քան 20 սպանություններ (էջ 18)։

Մարտիմեկյան սպանդի մասին հատվածը վերնագրված է «Հոկտեմբերի 27-ի հար եւ նման երկրորդ մեծ ոճիրը», որում, մասնավորաբար, ասվում է. «Անմիջապես Ռ. Քոչարյանի հրամանով, զինյալ ոստիկաններ՝ գնդացիր զենքերով եւ հրազեններով անմեղ ու անզեն ժողովուրդի վրա կրակ բացին։ Շուրջ 11 անմեղ հայեր սպանվեցան, նույնքան եւ ավելի ուրիշներ վիրավորվեցան։ Երեւան քաղաքի կեդրոնական հրապարակը անմեղ զոհված հայերու արյունով ողողվեցավ։ Այսպիսի ոճիրներով, բռնարարքներով եւ ապօրինաբար է, որ Ռ. Քոչարյան եւ Սարգսյան իրենց տիրապետության ներքեւ կրցան պահել եւ կը պահեն դեռ Հայաստանի պետական իշխանությունը» (էջ 25)։

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԹԱՐՈՒՄԸ 

Թ. Փոստաճյանը այսպես է ձեւակերպում իր նպատակը. «Միակ հույսը եւ իղձը, որ ես փայփայած եմ, այն է, որ մեր Հայրենիքի՝ Հայաստանի մեջ վերջնականապես դադրին անօրինությունները, եւ ընդմիշտ հաստատվեն օրինականությունն ու ճշմարտությունը» (էջ 4)։ Նա համոզված է, որ իր այս գրքով կօգնի օրինականության հաստատման, այն է՝ սահմանադրական կարգի վերականգնման գործին։

Նա համոզված է, որ 1998 թվականից ի վեր Հայաստանում «զանգվածային կեղծիքներով, խարդախություններով, բռնարարքներով» են ուղեկցվել նախագահական բոլոր ընտրությունները։ Նրան, մասնավորաբար, զայրացնում են բռնության օրինակները. «Այս անմեղ երիտասարդներուն վրա գործադրված անգութ բռնարարքներուն պատճառը այն է եղեր, որ անոնք Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավի թռուցիկները կցրվեին» (էջ 23)։ Այսինքն՝ Ռ. Քոչարյանինեւ Ս. Սարգսյանին համարում է իշխանության բռնազավթիչներ, իսկ սահմանադրական կարգը՝ խաթարված. «Այդ տարիներուն Հայաստանի նախագահական աթոռը ապօրինաբար գրաված էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այս երկուքն էին հեղինակներն ու գործադրողները այդ բոլոր նշված ապօրինությանց» (էջ 35)։ Հեղինակը Ռ. Քոչարյանի երդմնակալության տեսարանն իր ցինիզմով ու անհեթեթությամբ ապշեցուցիչ է համարում. «Ապշեցուցիչն այն է, որ մինչ Ռ. Քոչարյան Սահմանադրության եւ Ավետարանի վրա կերդնուր պաշտպան կանգնելու ժողովուրդին, նույն օրը, նույն պահուն, իր վարձկան միլիցիաները եւ բարակները հարձակում կկատարեին դուրսը հավաքված ժողովուրդին վրա՝ անվերջ խոշտանգելով զանոնք բիրերով։ Այդպես էր նույն օրը՝ առաթուր խոշտանգված էր իննամյա մատաղ աղջիկ մը, ծեծի տակ դիտապաստ գետին ընկած էր մանկամարդ տիկին մը, վաթսունամյա հայ մարդու մը գանգը ջարդված էր» (էջ 79)։

Հռետորական մի հարց էլ տալիս է Սերժ Սարգսյանին՝ նրա վերջին (2013-ի) երդմնակալության առիթով. «Դո՛ւն, պարոն Սերժ Սարգսյան, այսօր երբ քո նախագահի պաշտոնի հանդիսությունը տոնախմբեցիր «Կարեն Դեմիրճյան» համալիրի մեջ, արդյոք մարդկայնորեն տարրական խղճահարություն չունեցա՞ր… Քանզի քաջ գիտես, որ դուն ալ կարեւոր մեկն էիր այն ոճրագործ պատասխանատուներեն, որոնց դավադրությամբ է, որ սպանվեցան կամ նահատակվեցան Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը եւ բազմաթիվ ուրիշ անմեղ հայրենասերներ եւ ղեկավար դեմքեր» (էջ 119)։

 Բոլորն են հիշում, որ կրկնակի «ապշեցուցիչ» ու «տպավորիչ» էր Ս. Սարգսյանի առաջին երդմնակալության տեսարանը 2008-ին՝ Երեւանի ամայացված Կենտրոնում։

Իսկ թե ինչու բացահայտ կեղծված ընտրությունները չեղյալ չեն հայտարարվում բարձրագույն ատյանի՝ Սահմանադրական դատարանի կողմից, դա էլ բացատրում է՝ մեջբերելով սփյուռքահայ մի այլ գործչի՝ Տիգրան Ոսկունու խոսքերը. «Իր հոգին կորսնցուցած այս մարդուն (ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի) եւ իր նմաններուն համար ֆիզիքական վախն է պատճառը։ Վախը, որ իրենք եւս կարող են սպանվիլ, ինչպես որ սպանվեցան Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ անոնց բախտակից ավելի քան տասնյակ մը այլ ղեկավարներ եւ քաղաքական առաջնորդներ» (էջ 81)։

Ապօրինի իշխանությունը պահելու համար խնդիր է նաեւ ընդդիմադիրներին լռեցնելը. «Հայաստանի պետական իշխանությունը (իմա՝ Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան), լռեցնելու համար ընդդիմադիրները, ի գործ կդնեն հետեւյալ դավադիր շնորհաբաշխությունները», եւ թվարկում է՝ «նյութական վարձատրություններ», «կառավարական պաշտոններ», «դիրքի եւ պաշտոնի բարձրացում» եւ «վախ»։ Իր այս արձանագրման առիթով էլ հեղինակը անկեղծորեն բացականչում է. «Ո՞ւր են այն պոռոտախոս Պարույր Հայրիկյանները, Վազգեն Մանուկյանները եւ իրենց մունետիկները, որոնք Հայաստանի եւ Սփյուռքի կարեւոր տարածքներու վրա օրն ի բուն ցույցեր կկազմակերպեին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այն ատենվան պետական իշխանությանց դեմ, իսկ հիմա դարձել են «պապանձումն Զաքարիայի» (էջ 105)։

 

ԿՈՌՈՒՊՑԻԱ

Այս հարցի համար հեղինակի աղբյուրներից են եղել ռուսական մամուլի հայտնի հրապարակումները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հովանու տակ գործող «օլիգարխների» կուտակած հարստության մասին։ Հեղինակը հստակ քաղաքական սահմանազատում է անում։ Գործարարը, նաեւ խոշոր գործարարը, որպես այդպիսին՝ մերժելի չէ, ավելին՝ երկրի հարստությունն է. «Որեւէ երկրի համար օգտակար է եւ մեծ բարիք է ունենալ նման մեծահարուստ գործարարներ, կալվածատերեր՝ օլիգարխներ, որովհետեւ անոնց կատարած գործարարութենեն եւ նյութական հարստութենեն Հայրենիքը եւ հայրենի ժողովուրդը կրնա օգտվիլ,եւ երկիրն ալ կրնա բարգավաճել։ Նախապայման է, սակայն, որ այդ օլիգարխները աշխատեն եւ գործեն օրինավորապես։ Հեռու մնան խարդախություններե եւ ամեն կարգի ոճրարարքներե» (էջ 51)։

Ահա այս նախապայմանն է, որ խախտվել է Հայաստանում, խախտվել է ոչ թե այն պատճառով, որ բոլոր խոշոր գործարարներն ի ծնե եւ բնույթով օրինախախտներ են, այլ որովհետեւ նրանց այդ բանը ոչ թե նույնիսկ թույլ են տվել, նրանց այդ բանին դրդել, թելադրել, ստիպել են բարձրագույն իշխանություն կրող պետական պաշտոնյաները։ Իսկ ապօրինություններից, երկրի ու ժողովրդի թալանից գոյացած հսկայական հարստության մեծ մասը ստիպել են վճարել իրենց։ Ահա սա է կոռուպցիան, սա է դատապարտելին ու մերժելին։ Այդ կերպ է իրականացվել երկրի ու նրա ժողովրդի կողոպուտը։ Այդ ձեւով Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը «փայ են մտել» գործարարներից յուրաքանչյուրի բիզնեսում՝ արդյունքում հափշտակելով շատ ավելի, քան նրանցից որեւէ մեկն առանձին վերցրած։ Մեր հասարակության մեջ լայնորեն տարածված, մասնավորապես Սաշիկ Սարգսյանի հետ կապված՝ «փայ մտնելու» այսօրինակ պատմությունները դրա վառ ապացույցն են։ Բարձրագույն իշխանավորների այդ թողտվությունն ու համատարած օրինախախտումները միայն տնտեսական հանցագործություններով չեն սահմանափակվել, այլ ուղեկցվել են նաեւ բազմաթիվ սպանություններով. «Ոչ թե ցավալի, այլ ողբալի է, որ մեր հայրենիք Հայաստանի մեջ՝ գործող նախագահ «Քոչարյան-Սարգսյան» զույգի գիտությամբ, գոյություն ունին եւ կը գործեն եղեր «վարձու մարդասպաններ» անուն ոճրագործներ (էջ 68)։

ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՄԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտագաղթի՝ որպես անդառնալի կորստյան եւ Հայաստանի պետականությանն սպառնացող վտանգի մասին այնքան ավելի շատ է խոսվում, որքան դրա տեմպերն ահագնանում են։ Իշխանությունը կա՛մ փորձում է թաքցնել դա, կա՛մ համարել «բնական», կա՛մ այդ մասին խոսում է անամոթ շնականությամբ. «Թողնենք մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»։ Սփյուռքահայ հեղինակը ճշգրիտ է գնահատում արտագաղթի վտանգը. «Չկա ավելի մեծ աղետ, քան հայրենի ժողովրդին Հայաստանեն հեռացումը։ Որովհետեւ ժողովուրդն է հայրենիք պահողը։ Ժողովուրդն է հայրենիք կերտողը»։ Հայաստանից հայության հեռացումը նա համարում է «ցեղասպանության համազոր» երեւույթ, պարտությունների մեջ վատթարագույնը, որը «մեր թշնամիներուն հրճվանքն է եւ վերջնական հաղթանակի հույսը» (էջ 87)։

Մոտ մեկուկես տարի առաջ էր, որ Շառլ Ազնավուրը սեփական ժողովրդին հարստահարելու, նրան արտագաղթի մղելու՝ վարչախմբի քաղաքականությունը գնահատեց որպես «ներքին ցեղասպանություն»։ Հեշտ չէ ցեղասպանություն ապրած ազգի ներկայացուցչի, առավել եւս՝ Ցեղասպանության հետեւանքով աշխարհի մի անկյունում հայտնված հայ մարդու համար օգտագործել այդ բառն այլ մի երեւույթի համար։ Որքա՜ն, ուրեմն, ահռելի պիտի համարվի արտագաղթի վտանգը, դրա բերած վնասը՝ Ցեղասպանության հետ համեմատելու, նույն բառով կոչելու համար։ Բայց դաժան իրականությունն ու իրողությունները ստիպել են դա անել ինչպես Շառլ Ազնավուրին, այնպես էլ Թորգոմ Փոստաճյանին։

Վարչախմբի պարագլուխներին տված իր գնահատականի ծանրության գիտակցմամբ՝ նա վկայակոչում է նաեւ Հայաստանի հետ իր կապերով քաջ հայտնի ՔերոլայնՔոքսին. «…Հայաստանն այնպիսի իրավիճակի մեջ է ներկայիս, որ կարող է վտանգել իր անկախությունը եւ, հավանաբար, մինչեւ իսկ սպառնալ իր գոյությանն անգամ… Սիրելի հայ բարեկամներ… դուք կրեցիք ցեղասպանության մը ցավը 20-րդ դարու մեջ։ Թույլ պիտի տա՞ք, որ ուրիշ ցեղասպանություն մը գործվի ձեր վրա 21-րդ դարուն՝ այս անգամ ձեր իսկ կողմե պատճառված ցեղասպանություն մը։ …Ո՞վ պիտի մնա, որ վերակառուցե եւ պաշտպանե ձեր հայրենիքը… Մի՛ վատնեք ձեր բոլոր ուժերը անցյալի ճանաչումը հաջողացնելու ուղղությամբ՝ Ցեղասպանության գծով (ինչ խոսք, որ դա շատ կարեւոր է), այլ զորաշարժի ենթարկվեցեք՝ նոր ցեղասպանությունը կանխարգելելու համար» (էջ 72-75)։

Սրանով էլ չբավարարվելով՝ նա վկայակոչում է նաեւՍիլվա Կապուտիկյանին՝քաղվածքներ անելով նրա «Երանի չապրեինք ու չտեսնեինք» վերնագրով հոդվածից, որ գրվել է Հոկտեմբերի 27-ից հետո՝ 2000թ. արտագաղթի բարձրացած ալիքի ժամանակ. «Չապրեինք ու չտեսնեինք, թե ինչպես դատարկվում է մեր Հայաստանը, ու մեր ժողովուրդը, որին մենք անհամար զրկանքների գնով կաթիլ-կաթիլ ժողովել, երեք ու կես միլիոն էինք դարձել, հիմա փականները բացված, Սեւանի ջրերի պես հոսում գնում է դեպի աշխարհի բացերը՝ ոչ միայն հաց ու աշխատանք որոնելու, գնում են հիասթափված հայրենիքից, նրա առաջնորդներից, նրանում տիրող կեղծիքից ու անարդարություններից (էջ 49)։ Թուրքի երազն է, որ կատարվում է՝ Հայաստանը պարպվում է հայերից»։ Ապա նույն հոդվածում բերում է բանաստեղծուհու՝ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին տրված «հազիվ գրաճանաչ» գնահատականը, «որոնք կը նմանին ապիկար նավապետներու, եւ որոնք «Հայաստան» նավը… ապահով նավահանգիստ հասցնելու ոչ խելքն ունին, ոչ ընդունակությունը, ոչ ալ հայրենասիրությունը» (էջ 50)։

Երկրի ու ժողովրդի ողբալի վիճակին ի տես՝ հեղինակը հիշում է Մովսես Խորենացու «Ողբը» եւ նրան օրինակելով՝ բացականչում. «Ողբա՜մ զքեզ, Հայոց Աշխարհ, զի նախագահ քո ապիկար է եւ հայրենադավ» (էջ 95)։

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ-ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Եւ չնայած Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը արդեն համարյա ի կատար են ածել «Հայաստանը հայերից պարպելու՝ թուրքի երազը»,

չնայած նրանք «միլիարդավոր դոլարների հարստություն» են կողոպտել սեփական ժողովրդից՝ աղքատության դուռը հասցնելով կամ վտարանդի դարձնելով հարյուր հազարավորների,

չնայած նրանց գործունեությունը գնահատվում է ամենադաժան՝ «ցեղասպան» որակմամբ, որ հայոց մեջ տրվել է միայն Աբդուլ Համիդին եւ երիտթուրքերի պարագլուխներին,

այդուամենայնիվ, հեղինակը նրանց դեմ ո՛չ վրեժխնդրության, ո՛չ ահաբեկչության, ո՛չ էլ զգացմունքային բնույթի այլ կոչ չի անում։ Նա այլ կերպ է տեսնում լուծումը եւ գիրքն ավարտում է հետեւյալ յուրահատուկ «բարեմաղթանքով».

«Այս վերջաբանը կավարտեմ հետեւյալ երկու բարեմաղթանքներով.

… Դուք, պարոն նախագահներ, շուրջ 15 տարիներ առաջ «եկաք Ղարաբաղից» (Արցախից) եւ ժամանակավորապես նշանակվեցաք որպես գործող նախագահ Հայաստանի Հանրապետության։ Ձեր գիտությամբ եւ կարգադրությամբ կազմակերպված Հոկտեմբերի 27-ի ազգավնաս ոճիրը պատճառ դարձավ, որ մնայուն կերպով տեր դառնաք դուք Հայաստանի նախագահական աթոռին եւ պետական իշխանությանց։

Դուք նաեւ ապօրեն հնարամտությամբ բարեկամացաք եւգործակցեցաք Հայաստանի շարք մը մեծանուն եւ կարեւոր օլիգարխներու հետ։ Դուք ըրիք այդ՝ ամրապնդելու համար ձեր նախագահական եւ պետական իշխանությունն ու դիրքը։

Մեկ քանի տարիներու ձեր պաշտոնավարութենե ետք դուք եւ ձեր կցորդները միլիարդավոր դոլարներու արժողությամբ հարստության տեր դարձաք։

Եւ մինչ դուք առասպելական հարստության եւ առատության մեջ կը հղփանայիք, բարեխղճությունն անգամ չունեիք մտածելու, որ անդին հայաստանաբնակ մեր միլիոնավոր եղբայրներն ու քույրերը չքավորության եւ աղքատության մեջ կտվայտեին։

Տասնըհինգ տարիներու Ձեր գահակալությունը Հայաստանի մեջ բավ է այլեւս։ Դուք քաջ գիտեք, որ հայ ժողովուրդի խոր եւ ջերմ փափագն է, որ վերջ գտնե ձեր իշխանությունը Հայաստանի մեջ։

Այս գիրքը համարեցեք հրաժեշտի թելադրանք մը, զոր ազնվաբար կը ներկայացնենք՝ հանուն 15 տարիներու ձեր պաշտոնավարութենե հոգնած հայ ժողովուրդին։

Ձեր պաշտոնավարութենե հոգնած հայ ժողովուրդի իղձն է եւ խնդրանքը, պարոններ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, որ հրաժեշտ տաք Հայաստանին եւ մեկնեք Ղարաբաղ (Արցախ), ձեր բնօրրանը։

Երթաք խաղաղությամբ եւ անվերադարձ, եւ Տեր ընդ ձեզ» (էջ 142-143)։

 

ՀԱԿ Վերլուծական կենտրոնի նախորդ նյութերը՝

Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 1, մաս 2, մաս 3

Հայաստանյան քաղաքականության բորխեսյան դիալեկտիկան

Սերժ-Րաֆֆի բանակցությունների առաջին ռաունդ

Աշոտ Սարգսյան. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»

 

ՀԱԿ Վերլուծական կենտրոնի էջը կայքում՝

http://ilur.am/news/category/analytics/hak.html

 

Նախորդ հոդվածը‘Օգոստոսին Երեւանի շրջիկ կրկեսում մուտքն անվճար կլինի’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ը վարույթ է ընդունել Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետի դեմ հարուցված գործը’