Երեկ, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Գ․-ն էր, ով ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Շ-ն է։
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում։ Նշված անձինք գտնվել են իրանց ազգականի՝ Քանաքեռ 9-րդ փողոցի տներից մեկի պատշգամբում, հենվել են պատշգամբի թիթեղյա հատվածին, այն պոկվել է, ինչի հետևանքով ընկել են ցած։
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։