‘
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 15 մուսուլման ներգաղթյալների, որոնք, ինչպես ենթադրվում է, ապօրինի ներգաղթյալներին Իտալիա բերող նավից ծովն են նետել 12 քրիստոնյաների:
Ականատեսների խոսքով՝ նավի վրա վեճ է ծագել, որի ընթացքում Գանայից և Նիգերիայից գաղթող 12 քրիստոնյաների նետել են ծովը: Ենթադրաբար՝ նրանք բոլորը զոհվել են:
Փչովի նավում, իտալական իրավապահ մարմինների տվյալներով, եղել է, ընդհանուր առմամբ՝ 105 մարդ:
Սիցիլիայի Պալերմո քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալվածներին կրոնական հողի վրա ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն մեղադրանք է ներկայացվել:
Մեղադրյալները Գվինեայի, Մալիի, Կոտ դ’Իվուարի և Սենեգալի քաղաքացիներ են:
Միջադեպի ականատեսները պատմել են, որ երբ մուսուլմանները 12 քրիստոնյաների նետել են ծովը, մյուսները, ձեռք ձեռքի տված՝ կենդանի շղթա են կազմել, որպեսզի խույս տան նույն ճակատագրից:
Ներգաղթյալներ տեղափոխող մեկ այլ նավ, որ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա է ուղևորվել, հինգշաբթի օրը խորտակվել է Միջերկրական ծովում: Հաղորդվում է, որ խեղդվել են ավելի քան 40 աֆրիկացի ներգաղթյալներ: Ինչպես վկայել են ողջ մնացածները, զոհերի մեջ մեծ թվով երեխաներ են եղել:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ Եվրոպա հասնելու ճանապարհին 2014 թ. առնվազն 35 մարդ է զոհվել Միջերկրական ծովում: Փոխանցում է BBC-ն:
‘