‘
Կալիֆոռնիայի նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքի քոլեջի մոտ հնչած կրակոցների արդյունքում զոհվել է չորս մարդ, մի քանիսը վիրավորվել են:
Սանտա-Մոնիկայի ոստիկանությունը հաղորդում է, որ հանցագործը, որը նույնպես զոհվել է փոխհրաձգության արդյունքում, 25-30 տարեկան տղամարդ է, որի ինքնությունն առայժմ պարզված չէ: Հետաքննության նախնական տվյալներով՝ հանցագործը նախ սպանել է երկու հոգու, որոնց այրված դիակներն ավելի ուշ հայտնաբերել են Սանտա-Մոնիկայի բնակելի տներից մեկում: Ոստիկանությունը ենթադրում է, որ դրանք հանցագործի հոր և եղբոր մարմիններն են: Երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, հանցագործը հրացանով անկանոն կրակոցներ է բացել անցորդների և ավտոտրանսպորտի ուղղությամբ, ապա ավտոմեքենայով հասել է քոլեջի շենքին՝ շարունակելով կրակել: Իրավապահները պատասխան կրակ են բացել, որի արդյունքում«հրաձիգն» սպանվել է քոլեջի գրադարանում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ի դեպ, այս միջադեպի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եղել է Սանտա-Մոնիկայում, որտեղ նա ժամանել էր մասնակցելու Դեմոկրատական կուսակցության համար միջոցների հանգանակման նպատակով կազմակերպված բարեգործական ճաշկերույթին:
2012-2013 թթ. ԱՄՆ-ում հրազենի օգտագործմամբ կատարված հանցագործությունների ժամանակագրություն
2012 թ. ապրիլի 3-ին Օքլենդի (Կալիֆոռնիա նահանգ) քրիստոնեական քոլեջում տղամարդը ներխուժել էր լսարան և անկանոն կրակ բացել, որի արդյունքում զոհվել էր 7 մարդ:
2012 թ. հուլիսի 20-ին Աուրորա քաղաքի (Կոլորադո նահանգ) կինոթատրոնում 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակ էր բացել՝ սպանելով 12 և վիրավորելով առնվազն 60 մարդու: Հանցագործը ձերբակալվել էր:
2012 թ. օգոստոսի 5-ին Օուկ-Քրիք քաղաքում (Վիսքոնսին նահանգ) սիկհերի տաճարում ամերիկացի տղամարդը կրակ էր բացել, որի արդյունքում զոհվել էր վեց մարդ, տասը հոգի վիրավորվել էր:
2012 թ. դեկտեմբերի 14-ին Նյութաուն քաղաքում (Քոնեքթիքութ նահանգ) 20-ամյա Ադամ Լենզան, որը տառապում էր աուտիզմի թեթև տեսակով, կրակել էր մոր վրա, ապա զինվել երկու ատրճանակով ու հրացանով, գնացել «Սենդի հուկ» տարրական դպրոցը և կրակ բացել այնտեղ: Սպանվել էր 5-10 տարեկան 20 երեխա և վեց մեծահասակ: Հանցագործն ինքնասպան էր եղել:
2013 թ. մայիսի 12-ին Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ) Մոր օրվա առթիվ կազմակերպված շքերթի մասնակիցների ուղղությամբ հրաձգության արդյունքում վիրավորվել էր 19 հոգի, այդ թվում՝ երկու երեխա: Գործի առնչությամբ հետախուզում էր հայտարարվել 19-ամյա Էյքին Սկոտի նկատմամբ:
‘