‘Ողջամիտ առաջարկների հորձանուտում’

1340

Հայաստանում իսկապես անհասկանալի բաներ են կատարվում։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բաց տեքստով Րաֆֆի Հովհաննիսյանին կառավարության կազմում տեղեր է առաջարկում։

Րաֆֆին էլ, որ ընդամենը մի քանի օր առաջ Ազատության հրապարակում հայտարարում էր, թե ինքն այլևս Սերժ Սարգսյանի հետ խոսելու բան չունի, հիմա ասում է, որ ուզում է «ողջամիտ առաջարկները» լսել անձամբ Սերժ Սարգսյանից։

Զուգահեռաբար` բոլորը մեծ ոգևորությամբ սպասում են հետընտրական իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներին (երևի մոռացել են, որ խորհրդարանում որոշումներն ընդունվում են մեծամասնությամբ, իսկ այդ մեծամասնությունը հլու-հնազանդ ենթարկվում է Սերժ Սարգսյանին)։ Իսկ այդ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցներին կտրականապես արգելում է վանկարկել «Սերժիկ, հեռացիր», ու ինքը պահանջում է զանազան քաղաքապետների ու մարզպետների հրաժարականը (Դաշնակցության ականջը կանչի` հիշո՞ւմ եք, թե ինչ անսասան վճռականությամբ էին պահանջում Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը)։ Ընդ որում` Րաֆֆիի պահանջների մեջ էլ տրամաբանություն չկա. նա ողջունում է Շիրակի մարզպետի հրաժարականը, պահանջում է, որ Վանաձորի և Արմավիրի քաղաքապետները հրաժարական տան և այլն։ Այսինքն` պահանջում է, որ հրաժարական տան հատկապես այն բնակավայրերի ղեկավարները, որտեղ ինքը հաղթել է (այլ կերպ ասած` կեղծիքներ չեն եղել)։ Նույնիսկ Սյունիքի մարզպետի դեպքում է դա տարօրինակ, որովհետև մարզկենտրոնը Կապանն է, մարզպետի նստավայրը Կապանում է, իսկ Կապանում Րաֆֆին հաղթել է։ Տրամաբանորեն հակառակը պիտի լիներ` Սերժ Սարգսյանը պիտի նրանց պաշտոնանկ աներ, իսկ Րաֆֆին պիտի բողոքեր ու պնդեր, որ նրանց հանգիստ թողնեն և մյուսներին ազատեն աշխատանքից։

Ինչևէ։ Սրանք դեռ մի կողմ թողնենք և անդրադառնանք «ողջամիտ առաջարկներին»։ Բոլորը (այդ թվում` արևմտյան դեսպանները) Րաֆֆիին խորհուրդ են տալիս ընդունել ընտրությունների արդյունքները և պատրաստվել «հաջորդ քայլին», այսինքն` Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Րաֆֆին էլ կարծես թե դեմ չէ (Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, երեկ հայտարարեց, թե Րաֆֆին մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ)։ Միակ ակնկալիքն այն է, որ այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կկոնկրետացնի իր «ողջամիտ առաջարկները»։ Սա նորմալ է, այստեղ որևէ դատապարտելի բան չկա։ Միակ պրոբլեմն այն է, որ այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի իր կողմնակիցներին անկեղծորեն ներկայացնի ճշմարտությունը։ Այնպես չստացվի, որ ինքը գնում է բանակցությունների, և եթե առևտուրը հաջող ստացվի` մարդկանց ուղարկի տուն, եթե հաջող չստացվի` մի երկու շաբաթ էլ պայքարեն։

Իսկ ինչպե՞ս պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնի ճշմարտությունը։ Դա շատ հեշտ է։ Նա պարզապես պիտի հրապարակավ հայտարարի` ընդունո՞ւմ է ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Եթե չի ընդունում` ուրեմն չի ընդունում նաև, որ Սերժ Սարգսյանն օրինական նախագահ է։ Իսկ անօրինական ճանապարհով նախագահի պաշտոնը բռնազավթելը քրեական հանցագործություն է։ Սա այն դեպքն է, երբ միջին տարբերակ պարզապես չկա. Սերժ Սարգսյանը կամ լեգիտիմ նախագահ է, կամ քրեական հանցագործ։ Եվ հենց այս հարցում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի կողմնորոշվի։ Եթե գտնում է, որ նա քրեական հանցագործ է, որպես ի՞նչ է գնում նրա հետ հանդիպելու և «ողջամիտ առաջարկներ» լսելու, առավել ևս` նրանից ինչ-որ պորտֆելներ ստանալու։ Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նրան քրեական հանցագործ չի համարում, նշանակում է` ընդունում է նրա լեգիտիմությունը (այսինքն` ընտրությունների պաշտոնական արդյունքները)։ Եթե այդպես է` թող բարի լինի բարձրաձայն ասել այդ մասին։ Թե՞ նա կարծում է, որ Սերժ Սարգսյանն ազնվագույն մարդ է, իսկ ընտրակեղծիքներն առանց նրա գիտության են իրականացվել։ Եթե նույնիսկ այդպես է` դա որևէ կերպ չի բարձրացնում նրա լեգիտիմության աստիճանը, և Րաֆֆին պիտի հենվի իրականության և ոչ թե իրականության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումների վրա։

Իհարկե` կա նաև երրորդ տարբերակը։ Այն փոքր-ինչ ռոմանտիկ է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է Րաֆֆիի հուզական խառնվածքին։ Այն է` Րաֆֆին անկեղծորեն հավատում է արդարադատությանը, դիմելու է Սահմանադրական դատարան, և ինչպիսին էլ լինի վճիռը` որպես իրավապաշտ քաղաքացի ընդունելու է դա։ Ընդ որում, պետք չէ Նոստրադամուս լինել` գուշակելու համար, թե ինչպիսին կլինի ՍԴ վճիռը, բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հիմա պիտի հայտարարի` համակերպվելո՞ւ է ՍԴ ցանկացած վճռի հետ, թե ոչ։ Որ կողմնակիցներն էլ իմանան իրենց անելիքը։

Մարկ Նշանյան

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» Իսպանիայի Գավաթի եզրափակիչը ցանկանում է անցկացնել «Կամպ Նոու» մարզադաշտում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. Օբամային նշանակեք «յութուբյան նախագահ», Հռոմի Պապին՝ «թվիթերյան Հռոմի պապ»’