‘
Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը դեռ քննարկվում է ԱԺ ոչիշխանական խմբակցությունների կողմից, և գալիք քառօրյայում չի ներկայացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Մենք այս պահին քննարկում ենք այդ նախագիծը, մեր մարտավարական քայլերը, բովանդակությունը իսկ թե երբ կմտնի ԱԺ օրակարգ, չեմ կարող ասել, գուցե մյուս քառօրյայում էլ այս հարցը քննարկման չդրվի», — ասաց Ռուստամյանը:
Չորս խմբակցությունների՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգության ներկայացուցիչներն այսօր ԱԺ-ում փակ խորհրդակցություն էին անցկացնում, որի քննարկման հիմնական առարկան Կառավարությանն անվստահություն հայտնելու և «գազային» հանձնաժողովի նախագծի հարցն էր:
Արմեն Ռուստամյանի խոսքով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած՝ «գազային» հանձնաժողովի նախագծի վերաբերյալ խմբակցություններից յուրաքանչյուրն ունի սեփական դիտարկումները, որոնք կներկայացվեն այսօր ավելի ուշ ԱԺ նախագահի մոտ անցկացվելիք խորհրդակցության ժամանակ: Պատգամավորի խոսքով, կոալիցիայի ներկայացրած նախագծի և ավելի վաղ ընդդիմության ներկայացրած նախագծի «ուղղվածության եւ բովանդակության» մեջ որոշակի տարբերություններ կան, որոնց վերաբերյալ փորձելու են ընդհանուր համաձայնության գալ:
Քննարկվել է նաեւ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Կոնգրեսի ներկայացնելիք նախագծի հարցը: Դաշնակցությունն իր համաձայնությունն է տվել նախագծին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ն է հայտարարել նախագծին իր հավանության մասին:
Ռուստամյանը տեղեկացրեց նաև, որ երեկ ԱԺ-ն մերժել է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծն օրակարգ ներառելու հարցը: Խնդրի վերաբերյալ քննարկում տեղի կունենա գալիք երեքշաբթի:
‘